ԱՄՆ-ում օրգանների հազվագյուտ փոխպատվաստում է կատարվել. թոքերի փոխպատվաստում սպասող հիվանդին փոխպատվաստել են մահացած դոնորի թոքերը եւ սիրտը, իսկ նա ինքը սրտի դոնոր է դարձել եւս մի կնոջ համար: Վիրահատությունը կատարվել է Սթենֆորդի հիվանդանոցում (Stanford Hospital): 1988-ից ի վեր կլինիկայում նման վիրահատություն կատարվել է ընդամենը 8 անգամ:
Թամմի Գրիֆինը (Tammy Griffin) եւ Լինդա Կարրը (Linda Karr) երեք տարի օրգաններ սպասողների ցուցակում էին: Գրիֆֆինը տառապում էր կիստոզ ֆիբրոզով եւ վերջերս կարողանում էր շնչել միայն հատուկ սարքերի օգնությամբ: Նա թոքերի փոխպատվաստման կարիք ուներ, որը հնարավոր էր իրականացնել միայն սրտի փոխպատվաստման հետ միասին:
Կարրը, որի մոտ սրտի ծանր հիվանդություն էր ախտորոշվել, նոր սրտի կարիք ուներ: Բժիշկները որոշեցին այսպես կոչված «դոմինո-փոխպատվաստում» իրականացնել, որի դեպքում Թամմի Գրիֆինը Լինդա Կարրի համար սրտի դոնոր դարձավ:
Մահացած 29-ամյա դոնորը, որի սիրտը եւ թոքերը փոխպատվաստեցին կիստոզ ֆիբրոզով հիվանդին, փրկել է եւս մի քանի հոգու կյանքը. Բժիշկները նաեւ երիկամների, լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում են կատարել:
Ինչպես բացատրել է Ջոզեֆ Վուն (Joseph Woo), նման փոխպատվաստման իրականացումը վիրաբույժների ամբողջ խմբի համաձայնեցված գործողություններ է պահանջում: Չնայած հնարավոր բարդություններին, վիրահատությունները հաջող էին անցել. դրանք կատարել էին դեռեւս փետրվարի 1-ին:






