Աշխարհում ՄԻԱՎ համաճարակը կանգնեցնելու համար տարեկան 26 մլրդ դոլար է պետք, հայտնել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով միացյալ ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Լուիս Լուրեսը, ելույթ ունենալով Մոսկվայում Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ հարցերով միջազգային համաժողովի ժամանակ:

Նա հայտնել է, որ բժիշկներն այսօր ունեն «միջոցներ, գիտական տվյալներ ու գիտելիքներ՝ այդ համաճարակը կանգնեցնելու համար»

«Ես սկսել եմ աշխատել ՄԻԱՎ վարակակիրների հետ 1980- ականներին ու ինձ համար շատ կարեւոր է ասել, որ մենք կարող ենք հաղթել այդ համաճարակը»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ աշխարհում 1987-ից առայսօր ՁԻԱՀ-ից 34 մլն մարդ է մահացել:

Մարտի 23-ին Մոսկվայում մեկնարկել է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված Հինգերորդ համաժողովը, որին աշխարհի 59 երկրից  2500 մարդ է մասնակցում: Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ավելի քան  20 անդամ կա, համաժողովին մասնակցում է առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ: 

Համաժողովը կազմակերպել է ռուսաստանյան Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարօրության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Միացյալ ծրագիրը (ՅՈՒՆԷՅԴՍ) եւ Համաժողովի քարտուղարությունը: