ԱՄՆ-ում սկսվել է 3D տպիչով տպված Սպիրիտամ դեղամիջոցի վաճառքը, որը նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի մոտ էպիլեպսիայի նոպաների դեմ պայքարելու համար: Դեղամիջոցը մշակվել է Aprecia Pharmaceuticals դեղագործական ընկերության կողմից:
Տպագրության համար օգտագործվում է ZipDose տեխնոլոգիան, որն առաջարկել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտը (Massachusetts Institute of Technology): Դեղերի արտադրության ընթացքում շերտերը չեն սեղմվում, ինչը հնարավորություն է տալիս ծակոտկեն հաբեր ստանալ, որոնք լավ լուծվում են բերանում հեղուկի փոքր քանակության առկայության պայմաններում: Դա դեղը հարմարավետ է դարձնում էպիլեպսիայով հիվանդների համար. հիվանդներից շատերի մոտ հաբեր կուլ տալու դժվարություններ են նկատվում:
Դեղագործական ընկերության ներկայացուցիչը նշել է, որ 3D տպագրությունը կարող է օգտագործվել նաեւ այլ դեղամիջոցների արտադրության դեպքում, որոնք նախատեսված են Փարկինսոնի հիվանդությամբ, շիզոֆրենիայով եւ այլ խանգարումներով տառապող հիվանդների համար:






