Տուբերկուլոզով հիվանդների դեղերը եկող` 2017 թվականին Հայաստանում առաջին անգամ կգնվեն Հայաստանի բյուջեի հաշվին: Այդ մասին մարտի  24-ին Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:  

«Դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում մենք աստիճանաբար սկսում ենք ներարկումներ Հայաստանի բյուջեից, ինչը չէր արվում անցյալ տարիներին, որպեսզի կարողանանք այդ բոլոր խնդիրները հետագայում լուծել բյուջեի հաշվին», - ասել է նա: Փոխնախարարի խոսքով, Հայաստանում ընդհանուր առմամբ տուբերկուլոզի բուժման վրա  տարեկան   3.4 – 4 մլն դոլար է ծախսվում:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում տուբերկուլոզի բուժումն ամբողջությամբ ապահովվում է պետպատվերի շրջանակում, գործում են մի շարք սոցիալական եւ կրթական ծրագրեր: Բուժման դեպքում կիրառվում են նույն սխեմաները եւ նույն ժամանակակից դեղամիջոցները, ինչ արտասահմանյան երկրներում: 

Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ այսօր Հայաստանի կառավարությունում տուբերկուլոզի վերաբերյալ նոր` թվով երրորդ ծրագիրն է քննարկվում, որը նախատեսված է 2016-2020 թվականների համար (ինչպես կառավարությունից հայտնում է  NEWS.am-ի թղթակիցը, այն արդեն հաստատել են. խմբ.) եւ այն արդեն կոչվում է ոչ թե «տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիր», այլ «տուբերկուլոզի կառավարման ծրագիր»: «Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, եւ դա իրականություն է, որ Հայաստանում մենք արդեն կարող ենք կառավարել տուբերկուլոզ հիվանդությունը», - ընդգծել է փոխնախարարը: 

Վահան Պողոսյանը նշել է, որ տուբերկուլոզի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները բարձր են գնահատում նաեւ ԱՀԿ-ի փորձագետները: