Այսօր Հայաստանում չկան տուբերկուլոզով հիվանդներ, որոնք գիտեն իրենց հիվանդության մասին եւ հրաժարվում են բուժվել: Այդ մասին մարտի  24-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանը` պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում, եթե հիվանդները հրաժարվում են բուժվել, որովհետեւ այսօր Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս հարկադրական բուժում:  

Նա նշել է, որ այդ հարցը փորձել են լուծել առանց օրենսդրական փոփոխությունների, հիվանդների հետ մշտական աշխատանքի, տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանի բարձրացման միջոցով:  «Մենք ներդրել ենք հոգեբանների եւ սոցիալական աշխատողների ինստիտուտը, որոնք աշխատում են հիվանդների հետ, նրանց գիտելիքներ են տալիս հիվանդության մասին», - ասել է նա: 

«Այդ բանի շնորհիվ Հայաստանում այսօր չկան այնպիսի հիվանդներ, որոնց մոտ տուբերկուլոզ  ախտորոշված լինի, բայց նրանք հրաժարվեն բուժվել», - եւս մեկ անգամ նշել է կենտրոնի ղեկավարը: