Հայաստանում բժշկական ռադիոիզոտոպների կենտրոնը կբացվի մոտ ապագայում: Այդ մասին մարտի  24-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  Կենտրոնի կառավարման համար կառավարության մարտի 24-ի որոշմամբ ստեղծվել է «Ճառագայթային թերապիայի կենտրոն» ՓԲԸ-ն:

Նա հիշեցրել է, որ բժշկական իզոտոպների մոդուլը Ճառագայթային թերապիայի գերազանցության կենտրոնի բաղկացուցիչ մասն է, որը կառուցվում է Համաշխարհային Բանկի հիվանդությունների կանխարգելման ծրագրի միջոցներով, որոնց ծավալը մոտ 12,4 մլն է: Առաջին փուլի շրջանակում հնարավոր կլինի պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիա իրականացնել (ՊԷՏ):

Երկրորդ փուլը կդառնա ճառագայթային թերապիայի մասնաշենքը, երրորդը` ստացիոնար բաժանմունքը: 

Կենտրոնը սարքավորված կլինի ժամանակակից գծային արագացուցիչներով, բրախիթերապիայի սարքավորումներով, ինչպես նաեւ ախտորոշման հզոր լաբորատորիայով: Կենտրոնի պլանային հզորությունը տարեկան 1250 հիվանդի ընդունումն է: