Տուբերկուլոզի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում լուրջ խնդիր է աշխատանքային միգրացիան, մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Նրա խոսքով, այստեղ երկու գործոն կա. նախ` մինչեւ վերջ չբուժված հիվանդը վիճակի բարելավման դեպքում կարող է ընդհատել բուժումը եւ մեկնել փող վաստակելու, իսկ հետո վերադառնալ բարդացումներով, եւ երկրորդ` միգրանտները կարող են իրենց կեցության երկրից հիվանդություն բերել:
Ինչպես նշել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, չի կարգավորված նաեւ կեցության երկրում միգրանտների բուժօգնություն ստանալու հարցը: Օրինական հիմունքներով աշխատանքի դեպքում միգրանտները մի քանի երկրում կարող են տուբերկուլոզի դեմ անվճար բուժում ստանալ, իսկ որոշ երկրներում` ոչ: Մասնավորապես, Բելառուսում տուբերկուլոզով հիվանդին հասցնում են կայուն վիճակի, իսկ հետո հայրենիք են ուղարկում հետագա բուժման համար:
«Ռուսաստանի հետ մենք պայմանագիր ունենք բուժօգնության տրամադրման վերաբերյալ, որով տեղեկատվության փոխանակում է նախատեսված, բայց մեր միգրացիոն հոսքերը կարգավորված չեն», - ասել է Վահան Պողոսյանը` հավելելով, որ տուբերկուլոզով հիվանդ եւ ՄԻԱՎ-ով վարակված միգրանտների հարցն առայժմ քննարկվում է կեցության երկրում համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, բայց կոնկրետ որոշում առայժմ չկա:
Ինչպես նշել է Արմեն Հայրապետյանը, լուրջ խնդիր է նաեւ տուբերկուլոզի եւ ՄԻԱՎ-ի համավարակը, երբ մարդու մոտ իմունիտետի բացակայության պայմաններում շատ դժվար է բուժել տուբերկուլոզը: Եթե դիտարկենք մահացության կառուցվածքը, հիմնական տոկոսը կազմում են հենց համավարակի դեպքերը:






