Կանացի անպտղության դեպքերի մոտ 50 տոկոսում պատճառը քլամիդիոզն է: Այդ մասին ախտածինների հետազոտման ոլորտում ձեռքբերումներին նվիրված դասախոսությունների շարքի շրջանակում NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Բեռլինի Մաքս Պլանկի ընկերակցության Վարակիչ կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Թոմաս Մայերը: Նրա խոսքով, վարակը հիմնականում վնասում է ֆալոպյան փողերը, որոնք հայտնի են նաեւ որպես արգանդի փողեր:
«Քլամիդիոզով վարակումը որպես կանոն տեղի է ունենում սեռական եղանակով, եւ կանայք ավելի ընկալունակ են այդ վարակի հանդեպ: Ամենամեծ նենգությունն այն է, որ հիվանդությունն ընթանում է անախտանիշ կամ էլ նվազագույն դրսեւորումներով: Այսպիսով, եթե ակտիվ սեռական կյանք վարող կինը կանոնավոր կերպով չի հետազոտվում գինեկոլոգի մոտ, նա կարող է եւ չիմանալ հիվանդության մասին, ինչը էականորեն մեծացնում է բարդացումների ռիսկը», - նշել է Մայերը:
Պրոֆեսորը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ վարակը լայն տարածում ունի երիտասարդության շրջանում, ինչը երիտասարդների սեռական մեծ անգրագիտության մասին է վկայում:






