Ամերիկացի հետազոտողները հերքել են այն կարծիքը, թե դեֆտերիայի եւ պրկախտի դեմ պատվաստումների ազդեցությունն ընդամենը 10 տարի է տեւում: Նրանք չափահասներին խորհուրդ են տալիս պատվաստում անել ամեն  30 տարին մեկ:

Օրեգոնի գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները պարզել են, որ չափազանց քիչ ապացույցներ կան այն մասին, թե պետք է պրկախտի դեմ պատվաստում անել ամեն 10 տարին մեկ: Հետազոտողները հետեւել  են 546 չափահասի իմունային պատասխանին եւ պարզել են, որ նրանց օրգանիզմում պաշտպանական հակամարմինների քանակությունը զգալիորեն ավելի երկար է պահպանվում, քան սպասում էին: 

Հետազոտության հեղինակներն առաջարկում են պատվաստումը պարզեցնել տարիքի հիման վրա: Լիովին տեղին կլիներ, որ մարդիկ պրկախտի դեմ պատվաստումներ անեին 30, իսկ հետո` 60 տարեկանում: Դիտարկումները ցույց են տվել, որ չափահաս մարդը պրկախտի եւ դիֆտերիայի դեմ պաշտպանություն է ստանում առնվազն  30 տարով, առանց լրացուցիչ ներարկումների անհրաժեշտության: Դա տեղի է ունենում այն դեպքում, եթե մանուկ հասակում ստացել է 5 չափաբաժնից կազմված ստանդարտ պատվաստումները: 

Ներարկումների միջեւ 30-ամյա ընդմիջման ներդրումը կարող էր առողջապահության համակարգին օգնել միլիոնավոր դոլարներ խնայել: