Ժնեւի Բրիգամի համալսարանի գիտնականների խումբը Google Glass-ի համար սարքային եւ ծրագրային ապահովում է մշակել կենսաբժշկական հետազոտությունների նպատակով:  Օգտագործվող ալգորիթմների, ԾԱ-ի եւ ծրագրի հնարավորությունների մասին պատմվում է   Scientific Reports ամսագրում տպված հոդվածում:

Նոր տեխնոլոգիաների հեղինակներին հաջողվել է մարդու ֆիզիոլոգիական համակարգերի (օրինակ` առանձին օրգանների կամ հյուսվածքների) աշխատանքը նմանակող համակարգերը միավորել  Google Glass-ի  hands-free ինտերֆեյսով ժամանակակից տեխնոլոգիայի հետ:  Այս «խելացի» ակնոցն օգտագործվում է  Android-ի հիմքով սմարթֆոնների հետ, դրանք կարող են բարձրորակ տեսանյութեր տեսագրել եւ զինված են  թափանցիկ էկրանով: Google Glass-ը Google-ի ստեղծած Google App Engine ծրագրային ապահովման միջոցով փորձարարական համակարգերում միանում է տվիչների հետ, որոնք նաեւ «չիպերի վրա օրգաններ» (organs-on-a-chip) են կոչվում: Տվիչներից ստացվող տեղեկությունը պահվում է Google Cloud «ամպային պահոցում», եւ ակնոցը պաբերաբար ստուգում է փորձարարական տվյալների թարմացումները:  Ձայնով կառավարումն ակտիվանում է «ok glass» դիմումի միջոցով (որը նման է «օքեյ գուգլ» հրահանգին):

Հետազոտության հեղինակները երկու տեսակի «արհեստական օրգանների»` լյարդի բջիջների եւ կարդիոմիոցիտների  (սրտի մկանային բջիջների) հիման վրա ստեղծված համակարգերի վրա ստուգել են համակարգի աշխատունակությունը:  Փորձարկումների ընթացքում նրանց հաջողվել է ստանալ եւ միանգամից վերլուծել հետազոտվող համակարգերի ջերմաստիճանի եւ pH միջավայրի մասին տվյալներ, ինչպես նաեւ հյուսվածքների մանրադիտակային դիտարկումները, օրինակ առանձին օրգանելլաների (բջիջների հատվածների) կառուցվածքը: Ավելին, ակնոցը թույլ է տվել հետադարձ ազդանշան փոխանցել եւ բջիջների մեջ որոշակի նյութ ներարկել դրա դեղային ազդեցությունն ուսումնասիրելու համար: 

Աշխատանքի հեղինակները կարծում են, որ իրենց մշակումը կարող է լայն կիրառություն ստանալ կենսաբժշկական հետազոտություններում, հատկապես այն դեպքերում, երբ փորձարկման անցկացման պայմանները կարող են սպառնալ փորձարկողին` վտանգավոր մանրէների եւ վիրուսների կամ ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքում: