Երեւանում, «Էլիտպալազա» հյուրանոցում մարտի 26-27-ին կանցկացվի դասընթաց, նվիրված հղիության աոաջին եւ երկրորդ եռամսյակներում պտղի ՈւՁՀ հետազոտության արդի պահանջներին, ուղղված սրտի բնածին արատների ախտորոշման արդյունավետության բարձրացմանը: Դասընթացը կվարի Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային կազմակերպության (ISUOG) Արեւելաեվրոպական տարածաշրջանի դեսպան, Fetal Medicine Foundation-ի պաշտոնական մասնագետ Ֆրեդ Ուշակովը (Մեծ Բրիտանիա):

Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիան Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների եւ նեոնատոլոգների ասոցիացիայի հետ համատեղ «Ջինիշյանի հիշատակի հիմնադրամ-ի, World Vision Armenia-ի եւ ՀՀ Առողջապահության նախարարության գործնական աջակցությամբ  2014 թ. փետրվարից սկսել է ծրագիր ՀՀ Առողջապահության համակարգում հղիների պարտադիր սկրինինգային հետազոտման  ներդրման վերաբերյալ` պտղի զարգացման արատների պրենատալ ախտորոշման, ինչպես նաեւ վաղաժամ ծննդաբերության, պտղի ներարգանդային աճի դանդաղման, պրեէկլամպսիայի զարգացման բարձր ռիսկի խմբերի հայտնաբերման նպատակով:

Նշված ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ անցկացնել ուսումնական դասընթացներ, որոնք կնպաստեն Հայաստանի առողջապահության համակարգում պտղի բժշկության ասպարեզում Եվրոպական առաջատար ուլտրաձայնային հետազոտությունների մեթոդների ներդրմանը:

2015 թվականի հունիսի 5-ից 6-ը ՄԳՈՒԱՀԱ-ի կողմից  Երեւանում կազմակերպվեց եւ մեծ հաջողությամբ իրագործվեց վերապատրաստման ինտենսիվ դասընթաց «Հղիության առաջին եռամսյակում պտղի գերձայնային հետազոտություն: Ժամանակակից պահանջներ» թեմայով, որին մասնակցեցին 120 ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներ:  Դասընթացի անցկացման համար հրավիրված էր Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման միջազգային կազմակերպության (ISUOG) Արեւելաեվրոպական տարածաշրջանի դեսպան, Fetal Medicine Foundation-ի պաշտոնական մասնագետ Ֆրեդ Ուշակովը (Մեծ Բրիտանիա): 

Հաշվի առնելով դասընթացի հաջողությունը եւ մասնակիցների մեծ հետաքրքրությունը, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետությունում սրտի բնածին արատների հայտնաբերման անբավարար ցուցանիշը, ՄԳՈՒԱՀԱ կազմակերպել է նոր դասախոսություննուրի շարք սրտի արատների պրենատալ հայտնաբերման վերաբերյալ։