Սելֆիներով չափազանց տարվելը կարող է վնաս հասցնել մաշկին, պնդում են մասնագետները: The Daily Mail-ը բրիտանացի մի աղջկա օրինակով պատմել է Սմարթֆոնի օգնությամբ հաճախակի լուսանկարվելու հետեւանքների մասին:
Լոնդոնից 26-ամյա Մեհրին Բէիգն օրական 50 սելֆի է անում. աշխատանքն է այդպիսին: Նա բլոգեր է: «Գեղեցիկ լուսանկարները մեծացնում են բաժանորդների քանակը, ինչը, անկեղծ ասած, ինձ թույլ է տալիս իմ օրվա հացը վաստակել», — ասում է աղջիկը` պարզաբանելով, որ նույնիսկ եթե ուզենար լքել սոցցանցերը, դա ֆինանսական տեսանկյունից հեռատես չէր լինի:
Վերջերս նա սկսել է նկատել, որ իր մաշկի վիճակը նկատելիորեն վատացել է. լայնացած ծակոտիներ են հայտնվել, մուգ շրջաններ աչքերի տակ, պեպեններ եւ անհայտ ծագման պիգմենտային բծեր: Աղջիկը մաշկաբանի մոտ ընդունելության է գնացել:
Բժիշկ Սեյմոն Զոկեն լոնդոնյան Linia Skin Clinic կլինիկայից հետաքրքրվել է աղջկա կենսակերպով եւ իմանալով սմարթֆոնի եւ պլանշետի ակտիվ օգտագործման մասին, ենթադրել է, որ մաշկը տուժել է HEV-ճառագայթումից (տեսանելի դիապազոնի բարձր էներգետիկական կապույտ լույսից): Արեւապաշտպան ֆիլտրերով սովորական քսուքները չեն պաշտպանում դրանից, դրանք լիովին այլ ճառագայթներ են: Դրանք արձակում են հեռուստացույցները, նոթբուքները, բջջային հեռախոսները սմարթֆոնները, պլանշետները:
Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները հատուկ հետազոտություն են անցկացրել եւ ապացուցել են, որ HEV ճառագայթներն ի վիճակի են ոչ միայն վնասել մաշկածածկույթը` կոսմետիկական արատներ առաջացնելով, այլեւ կարող են տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ: Տեսանելի դիապազոնի լույսը, Journal of the American Academy of Dermatology-ում հրապարակված գիտական հետազոտությունների արդյունքների համաձայն, ուլտրամանուշակագույն ճառագայթներից ավելի խորն է ներթափանցում մաշկի մեջ` խախտելով վերականգնման գործընթացը եւ արագացնելով ծերացումը: Բացի այդ, HEV-ն ուժեղացնում է UV ճառագայթման բացասական հետեւանքները:
Բժիշկը Մեհրինին խորհուրդ է տվել դիմահարդարման նոր միջոց օգտագործել, որը, արտադրողների պնդմամբ, օգնում է մաշկը պաշտպանել HEV-ից: Մասնագետն աղջկան նաեւ խորհուրդ է տվել առավոտյան մաշկին եւ մարմնի բաց հատվածներին հակաօքսիդանտային շիճուկ քսել` չեզոքացնելու ազատ ռադիկալների ազդեցությունը: Իսկ երեկոյան` հակաօքսիդանտային քսուք կամ քնի ընթացքում բջիջների վերականգնման համար գել օգտագործել: Եվ մի մոռացեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու, սալիցիլային թթվի օգնությամբ մաշկը թեփոտելու միջոցով մեռած բջիջները հեռացնող լվացող միջոցների եւ А վիտամինով քսուքների մասին:
«Կհրաժարվեմ արդյոք սելֆիից: Հազիվ թե: Բայց հաստատ միջոցներ ձեռք կբերեմ մաշկի պաշտպանության համար», - բժշկին իր այցելությունն ամփոփել է Մեհրինը:






