Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխաներն ավելի հաճախ են հասուն տարիքում ավելորդ քաշ կամ ճարպակալում ունենում համեմատած նրանց հետ, ովքեր լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով: Այսպիսի եզրակացության են եկել Լոնդոնի Իմպերիալ քոլեջի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակված է PLOS ONE ամսագրում, հայտնում է Fox News-ը:

Հասուն բնակչության շրջանում նրանք, ովքեր ծնվել են վիրաբույժի օգնությամբ, 26%-ով ավելի հաճախ են քաշի հետ կապված լուրջ խնդիրներ ունենում, ասում են հոդվածի հեղինակները, որոնք ուսումնասիրել են 10 երկրի ավելի քան 38 000 բնակչի մասնակցությամբ կատարված 15 հետազոտությունների տվյալները:

Անգլիայում մոտ 3-4 ծնունդից մեկը լինում է կեսարյան հատման միջոցով, ինչը երկու անգամ ավելի շատ է, քան 1990-ին: Մի շարք երկրներում այս ցուցանիշը զգալիորեն բարձր է, օրինակ՝ Չինաստանում եւ Բրազիլիայում, որտեղ նման վիրահատության միջոցով կատարվում է ծնունդների 60%-ը եւ 50%-ը համապատասխանաբար:

Վիրաբույժի օգնությամբ ծնված երեխաների մարմնի  զանգվածի ինդեքսը մոտ 0,5-ով մեծ է եղել, քան բնական ճանապարհով ծնվածներինը:

Գիտնականները մտադիր են պարզել՝ հատկապես ինչը հիմնական դեր ունի: Ի պաշտպանություն իրենց տեսության՝ նրանք ասում են, որ  ծնուղիներով անցնելն ազդում է աղիների միկրոֆլորայի բաղադրության վրա, իսկ սեղմումը ծննդաբերության ժամանակ կարող է որոշակի գեներ «ներմուծել», ինչը երկարաժամկետ ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա: