Տեղեկատվական արշավներն օգտակար եւ անհրաժեշտ են, որովհետեւ կարող են նպաստել ՄԻԱՎ-ի կանխարգելմանը: Ավելին,  նման արշավները կարող են մարդկանց մղել` ՄԻԱՎ-ի թեստ անցնելու եւ պարզելու իրենց կարգավիճակը: Այդ մասին Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Հինգերորդ համաժողովի շրջանակում «Տեղեկատվական կանխարգելիչ արշավներ. Նոր մարտահրավերներ, նոր ձեւեր» բանավեճի ընթացքում հայտնել է երգչուհի Վերա Բրեժնեւան:  

Շատ մարդիկ, ինչպես նշել է երգչուհին, այսօր պատասխաններ չունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ ամենապարզ հարցերի (ինչպես է հայտնաբերվում, ինչպես է հնարավոր պաշտպանվել դրանից եւ այլն): Տեղեկատվական արշավները կարող են պատասխաններ տալ այդ բոլոր հարցերին, մարդկանց տալ  իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: 

Վերա Բրեժնեւան նշել է, որ շատ մարդիկ երբեք չեն մտածում, թե իրենք կարող են ՄԻԱՎ-ունենալ: Սակայն երբ տեղեկատվական արշավները հիշեցնում են այդ մասին, նրանք կարող են մտածել.  «Թեկուզեւ դա ինձ չի վերաբերում, բայց գուցե կարող է նաեւ ի՞նձ պատահել»: Դա նպաստում է ՄԻԱՎ-ի ավելի արդյունավետ կանխարգելմանը  (ՄԻԱՎ-ի փոխանցման վերաբերյալ բավարար տեղեկություններ ունեցող մարդիկ ավելի զգուշավոր կլինեն, կջանան չվարակվել), բացի այդ, դա կօգնի ի հայտ բերել ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց ավելի մեծ քանակություն. տեղեկացված մարդիկ կարող են ՄԻԱՎ-ի թեստ անցնել: 

«Տեղեկատվական արշավները երբեմն կարող են հոգնեցուցիչ թվալ,  բայց այդ համառությունը համարժեք է համաճարակի այն ակտիվությանը եւ ուժին, որն այժմ առկա  է մեզ մոտ: Այդ պատճառով, եթե դուք հաճախ եք լսում դրա մասին, ուրեմն խնդիրն իրոք մեծ է», - նշել է Վերա Բրեժնեւան:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Մոսկվայում մեկնարկել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Հինգերորդ համաժողովը, որն աշխարհի 79 երկրից 2500 մասնակից եւ հյուր ունի: Հայկական պատվիրակությունը, որի կազմում ավելի քան 20 մարդ կա, համաժողովին մասնակցում է առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ: 

Համաժողովը կազմակերպել է ռուսաստանյան Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարօրության ոլորտում վերրահսկողության դաշնային ծառայությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագիրը (ՅՈՒՆԷՅԴՍ) եւ Համաժողովի քարտուղարությունը: