Ինչ-որ մի օր, ցանկալի է` հնարավորինս արագ, մենք այնուամենայնիվ կհաղթահարենք այս խնդիրը, եւ համաճարակը կավարտվի: Այդ մասին մարտի 25-ին Մոսկվայում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Հինգերորդ համաժողովի փակմանն ասել է երգչուհի,  Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով միացյալ ծրագրի բարի կամքի դեսպան Վերա Բրեժնեւան:

Համաժողովի հանդիսավոր փակման շրջանակում տեղի է ունեցել «Տասնամյակի լավագույն սոցիալական տեսահոլովակ» մրցույթի մասնակիցների պարգեւատրման արարողություն: Հաղթողներին մրցանակներ եւ հավաստագրեր է հանձնել  Վերա Բրեժնեւան:  «Ինչ-որ մի օր, ցանկալի է` հնարավորինս արագ, մենք այնուամենայնիվ կհաղթահարենք այս խնդիրը, եւ համաճարակը կավարտվի: Մնացեք այդպիսի սրտացավ, համարձակ, համառ», - ասել է երգչուհին:

Պարգեւատրվել են նաեւ Հինգերորդ համաժողովի Դրամաշնորհային ծրագրի հաղթողները: Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարօրության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան ներկայացված նախագծերի համար հավաստագրեր է հանձնել Ուզբեկստանի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կենտրոնի եւ Անսվեր հիմնադրամի ներկայացուցիչներին: 

Մասնագետները նաեւ ամփոփել են համաժողովի արդյունքները  «Գիտություն եւ Բժշկություն», «Քաղաքացիական Հասարակություն», «Աջակցություն միջազգային զարգացմանը» եւ «Սոցիալապես պատասխանատու գործարարություն» ուղղություններով:

Պատանի ակտիվիստ Դանիիլ Ստոլբունովը համաժողովի երիտասարդական հարթակում պատմել է այն մասին, թե ինչ խնդիրների են բախվում ՄԻԱՎ-ով վարակված պատանիները աշխարհի տարբեր երկրներում: 

Հիշեցնենք, որ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Հինգերորդ համաժողովը մեկնարկել էր Մոսկվայում` մարտի 23-ին: Համաժողովն  աշխարհի  79 երկրից 2500 մասնակից եւ հյուր ունի: Հայկական պատվիրակությունը համաժողովի է եկել առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ: 

Համաժողովը կազմակերպել է Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարօրության ոլորտի վերահսկողության Դաշնային ծառայության, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով միացյալ ծրագրի (ՅՈՒՆԷՅԴՍ) եւ Համաժողովի քարտուղարության կողմից: