Եթե հարցը բարձրացվում է, մենք պարտավոր ենք այդ հարցին արձագանքել, NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու նախօրեին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց չարաշահումները բացառելու նպատակով դեղի շուկայում 4 խոշոր դեղ ներկրողների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության մասին։

«Չեմ կարող ասել՝ ինչու վարչապետը բարձրացրեց այդ հարցը, բայց եթե բարձրացնում է, մենք պարտավոր ենք արձագանքել։ Մենք խորապես ուսումնասիրել ենք այս հարցը, եւ վարչապետի հանձնարարականով ամիսը մեկ անգամ պատրաստում ենք դեղերի գնային քաղաքականության վերլուծություն, որը զետեղվում է առողջապահության նախարարության կայքում, եւ բոլորը կարող են տեսնել, որ գների քաղաքականությունը գտնվում է հսկողության ներքո», – ասաց նա։

Նախարարը հավելեց, որ «Դեղերի մասին» նոր օրենքով պետությունը գնային քաղաքականություն կմշակի կենտրոնացած պետական գնումների մասով։ «Ինչպես քաղաքակիրթ երկրներում՝ դեղերը այդ հատվածում կգնվեն ոչ միայն որպես ազատական շուկայի ապրանք, այլ որպես սոցիալական ապրանք։ Դեղը իրենից ներկայացնում է սոցիալական նշանակության ապրանք, եւ խիստ կարեւոր է, որ պետությունը այն մշտական ուշադրության կենտրոնում պահի», – ասաց նա։

Նախարարը հրաժարվեց մեկնաբանել շրջանառվող տեղեկությունները, թե դեղերի շուկայի խոշոր խաղացողները պայմանավորվում են վաճառքի գների վերաբերյալ՝ ընդգծելով, որ առողջապահությունը հիմնվում է կանխարգելիչ գործողությունների վրա, եւ ինքն ավելի նպատակահարմար է գտնում ներկայացնել այդ գործողությունները, քան մեկնաբանել «շշուկների վրա հիմնված» լուրերը։ Իսկ կանխարգելիչ գործողությունները, ըստ նրա, նույնն են, ինչ ամբողջ աշխարհում՝ գների կարգավորման պետական մշակված քաղաքականություն։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարտի 24–ին կառավարության նիստի ժամանակ նշել էր, որ 4 խոշոր դեղ ներկրող կազմակերպությունները Հայաստանում զբաղեցնում են շուկայի 65 տոկոսը։ Այդ կազմակերպություններն են «Նատալի Ֆարմը», «Ալֆա Ֆարմը», «Վագա Ֆարմը» եւ «Ռիխտեր Լամբրոնը»։