Ինչպես չվախենալ պտղի սրտի էխոկարդիոգրաֆիա անելուց. այսօր Երեւանում սովորեցնում է Մեծ Բրիտանիայից Fetal Medicine Foundation-ի մասնագետ Ֆրեդ Ուշակովը: Մանկաբարձ-գինեկոլոգների եւ ռադիոլոգների համար իր ելույթի սկզբում նա նշել է, որ ինքն էլ գինեկոլոգ լինելով, նախկինում սարսափելի վախենում էր դրանից, բայց հետո միջոց է գտել հաղթահարելուայդ վախը եւ այժմ ուրիշներին է սովորեցնում դա:  Նա դասախոսությանն իր հետ բերել էր 3D տպիչով տպված սրտի մոդել: 

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Ֆրեդ Ուշակովը նշել է, որ սրտի բնածին արատի ներարգանդային ախտորոշումը աշխարհում ամենաայժմեական խնդիրներից է:  «Դա սոցիալական լուրջ խնդիր է. արատներով երեխաների ծնունդը ընտանիքներում շատ լուրջ փոփոխությունների է հանգեցնում», - ասել է նա: Ֆրեդ Ուշակովի խոսքով, նորածինների սրտի արատները մեկն են այն խնդիրներից, որոնց դեպքում բանիմաց բուժանձնակազմը մահացության ցուցանիշների նվազման երաշխավոր է հանդիսանում. ժամանակին ախտորոշում է արվում, կանանց տեղափոխում են մասնագիտացած կլինիկաներ, երեխաներին ծննդից հետո անմիջապես մասնագիտական օգնություն են ցուցաբերում:   

Ֆրեդ Ուշակովը նշել է, որ սրտի բնածին արատը նորածինների մոտ ամենատարածված անոմալիան է, որի հաճախությունը մոտավորապես 1 տոկոս է կազմում, իսկ ծանր արատներ հանդիպում են 500 դեպքից 1-ում: 

Բրիտանացի մասնագետը մտադիր է երկու օրվա ընթացքում հայ մասնագետներին սովորեցնել ՍԲԱ-ի վաղ ախտորոշում կատարել` արդեն 13-14-րդ շաբաթում, եւ դա, նրա խոսքով, շատ ժամանակ է տալիս լրացուցիչ հետազոտության, ընտանիքին նախապատրաստելու համար:  «Ընտանիքը կարող է տարբեր որոշումներ կայացնել, ընդհուպ մինչեւ հղիության ընդհատում ծանր արատների դեպքում, եւ որքան ավելի վաղ որոշում կայացնեն, այնքան լավ», - ասել է նա: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային հետազոտության հայկական ասոցիացիայի ղեկավար Կարինե Թոխունցը, Հայաստանում սրտի բնածին արատներ են հանդիպում 1000 ծնվածից 10-ի մոտ, այսինքն եթե Հայաստանում տարեկան մոտավորապես 45 000 երեխա է ծնվում, նրանցից 450-ի մոտ սրտի բնածին արատ է ախտորոշվում: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում պարզաբանել է բժիշկ-գինեկոլոգ Աննա Խուդավերդյանը, սրտի բնածին արատները նորածինների ախտաբանությունների մեջ ամենամեծ թիվն են կազմում: Տարեկան ՍԲԱ-ով ծնվող 400-450 երեխաների մեծ մասն արդյունավետ կերպով բուժվում է, մոտ 20 տոկոսը բուժման կարիք չունի եւ ուղղակի բժիշկների մշտական վերահսկողության տակ է գտնվում: Բայց կան ՍԲԱ-ի տեսակներ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ եւ եթե այդ մասին հայտնի չլինի դեռեւս մինչեւ երեխայի ծնվելը եւ ծննդաբերությունից անմիջապես հետո միջոցներ ձեռք չառնվեն, երեխային կարող են կորցնել: Նրա խոսքով, ՈւՁՀ -ն հնարավորություն է տալիս ՍԲԱ-ի ներարգանդային հայտնաբերման, իսկ բուժման ներկայիս կուրսը կոչված է տեղի մասնագետներին սովորեցնել դա անել հղիության ավելի վաղ փուլերում:  

Ինչպես նշել է բժիշկ-ճառագայթաբան Տիգրան Քոչարյանը, այդ խնդիրը ժամանակին ախտորոշելու համար պարտադիր չէ ամենավերջին սերնդի ՈՒՁՀ-ի սարքեր ունենալ, այստեղ կարեւորը բժշկի գիտելիքներն ու հմտություններն են: Նրա խոսքով, ստանդարտների համաձայն, ՍԲԱ-ն անհրաժեշտ է ախտորոշել հղիության 18-21-րդ շաբաթում, քանի դեռ դա պտուղ է, ոչ թե երեխա: Իսկ Ֆրեդ Ուշակովը սովորեցնում է դա անել հղիության արդեն 13-14-րդ շաբաթում: Նման վաղ ախտորոշումը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս ծանր արատների դեպքում ժամանակին որոշում կայացնել  ընդհատելու հղիությունը, երբ բժիշկները որոշակի երաշխիքներ չեն տալիս:  

Երեւանում դասախոսությունների շարքը կազմակերպել է Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման ասոցիացիան Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ եւ Առողջապահության նախարարության տեխնիկական գործակցությամբ: