Միչիգանի համալսարանի հետազոտողները ընդհանրություն են հայտնաբերել Բրեդ Փիթի եւ մրգային դրոզոֆիլներ ճանճիկների միջեւ, եւ այդ ընդհանրությունն ապագայում կարող է օգնել քաղցկեղի բուժմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:
Հարցն այն է, որ հոլիվուդյան դերասանը ցցված մազափունջ ունի. մազերի մի մասը մնացած մազերին հակառակ ուղղությամբ է աճում եւ ճակատի վրա երկու մասի է բաժանվում: Այդ առանձնահատուկ սանրվածքը հնարավոր է միայն այսպես կոչված «բեւեռային գեների» առկայության դեպքում: Այդ գեները պատասխանատու են այն բանի համար, թե ներբջջային գործընթացներն ինչպես են ընթանում տարածությունում, ինչի շնորհիվ բջջի հակառակ ծայրին բեւեռներ են հայտնվում եւ նա կարող է տեղափոխվել: Բացի այդ, այդ գեները որոշ կենսաբանական կառույցների ստիպում են բաշխվել «բեւեռացված» կամ ընդհանուր ուղղությանը հակառակ ուղղությամբ: «Բեւեռային գեների» ակտիվության արդյունքներ հաճախ դիտարկվում են դրոզոֆիլների մոտ, նրանց թեւերի եւ փորի մազմզուկները սկսում են աճել «սխալ» ուղղությամբ:
Հետազոտողների խումբը կենսաքիմիայի պրոֆեսոր Դեւիդ Արնոստիի (David Arnosti) գլխավորությամբ, ուսումնասիրելով դրոզոֆիլների «բեւեռային գեները», պարզել է, որ նրանց աշխատանքը կարգավորում է մի սպիտակուց, որի հիմնական գործառույթը ռետինոբլասթոմայի` աչքի ցանցենում քաղցկեղային ուռուցքի զարգացման ճնշումն է (սուպրեսիա) , որը սովորաբար առաջանում է մանուկ հասակում: Այդ սպիտակուցը սպիտակուցների մեծ` ուռուցքներ ճնշող ընտանիքի մի մասն է. որոնք բջիջները պաշտպանում են չարորակ գոյացություններից: Նման սպիտակուցներն օգտագործվում են հակաքաղցկեղային դեղամիջոցների ստեղծման դեպքում
Առնոստին եւ իր գործընկերները ենթադրել են, որ քանի որ մարդու եւ դրոզոֆիլների օրգանիզմների միջեւ գենետիկական մեծ ընդհանրություն կա, ռետինոբլասթոմայի ճնշիչ սպիտակուցի կրկնակի գործառույթին վերաբերող իրենց հայտնագործությունը կարող է օգնել քաղցկեղի դեմ քիմիաթերապիայի նոր միջոցների մշակման գործում:






