Ռուսաստանի Դաշնային Հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) առաջարկում օրենսդրորեն թույլատրել Ռուսաստանում արտասահմանյան անփոխարինելի դեղամիջոցների հարկադրական արտոնագրումը, հայտնել է Ռուսաստանի Դաշնային Հակամենաշնորհային ծառայության ղեկավար  (ԴՀԾ) Իգոր Արտեմեւը: 

«Հակամենաշնորհային մարմինը, կառավարության հանձնարարության հիման վրա, համապատասխան հայց է ներկայացնում դատարան, որն այս կամ այն որոշումն է կայացնում որոշակի ժամկետով հարկադրական արտոնագրում տրամադրելու մասին եւ համապատասխանաբար սկսվում է ՌԴ-ում  լիազորված լաբորատորիաների կողմից այս կամ այն դեղամիջոցի սինթեզումը: Միաժամանակ իրավատերն արդար փոխհատուցում է ստանում», - պատմել է Արտեմեւը գերատեսչության առաջարկած սխեմայի մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Առաջարկվում է հարկադրական արտոնագրման մեխանիզմ կիրառել այն դեպքում, երբ արտադրողը քաղաքական կամ տնտեսական պատճառներով  (Ռուսաստանում դրա իրացման անշահութաբերության, այդ թվում նաեւ` գների պետկարգավորման պատճառով) հրաժարվում  է դեղ մատակարարել Ռուսաստանին: Բացի այդ, հարկադրական արտոնագրումը կարող է օգտագործվել առանձնահատուկ վտանգավոր հիվանդությունների համաճարակների շրջանում արտասահմանում արտոնագրված անփոխարինելի դեղամիջոցների համար բյուջետային միջոցների պակասի պայմաններում:  

Արտեմեւի խոսքով, նմանակներ չունեցող արտոնագրված դեղամիջոցներ արտադրողներից Ռուսաստանի կախվածությունը վտանգում է երկրի անվտանգության ռազմավարության դրույթների իրականացումը, որը ենթադրում է բնակչությանը բարձրորակ եւ մատչելի դեղամիջոցների երաշխավորված մատակարարում:   

ԴՀԾ-ի ղեկավարը դիմել է նաեւ դեղեր արտադրող անդրազգային ընկերություններին` խնդրելով հիշել իրենց գործունեության սոցիալական կողմերի մասին:  «Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր մարդիկ մահանան արդեն գոյություն ունեցող դեղամիջոցների պակասի պատճառով մեկ մարդու կամ մարդկանց խմբի կամ այլ պետությունների կամ այլ անձանց կամքով», - ընդգծել է Արտեմեւը: