Կրծքով կերակրվող նորածինների մոտ ականջների վարակիչ հիվանդություններ անհամեմատ ավելի հազվադեպ են ի հայտ գալիս, քան նրանց, որոնք արհեստական խառնուրդներով են սնվում: Այդ մասին հայտնում է Թեքսասի համալսարանի հետազոտական խումբը:
Ականջների վարակիչ հիվանդությունները երեխաների մոտ հանդիպում են առնվազն մեկ անգամ, մինչեւ տասը տարեկան դառնալը: Իսկ եթե երեխան օտիտով է հիվանդանում կյանքի առաջին կես տարվա ընթացքում, կրկնակի հիվանդացման հավանականությունը մեծանում է, հայտնում են մասնագետները:
2008-ի հոկտեմբերից մինչեւ 2014-ի մարտն ընկած ժամանակահատվածում հետազոտության հեղինակները 367 նորածնի են հետեւել մինչեւ նրանց առաջին տարեդարձը: Օտիտի եւ ականջի այլ վարակիչ հիվանդությունների առաջին նշանների կամ էլ վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում երեխաների ծնողներին խորհուրդ էին տվել բժշկի դիմել: Գիտնականները, Տասնի Չոնամաիտրիի գլխավորությամբ վերլուծել են նաեւ երեխաների ընտանիքի անդամների մոտ այդ հիվանդությունների հաճախությունը: Բացի այդ, նրանք նաեւ հաշվի են առել, թե արդյոք երեխա կրծքով է կերակրվում, թե արհեստական կեր է ընդունում եւ արդյոք նրան պնեւմոկոկային վարակի պատվաստումներ են արվել:
Պարզվել է, որ վերջին տարիներին ականջի վարակիչ հիվանդությունների ի հայտ գալու հաճախությունն էականորեն կրճատվել է. այժմ նման վարակները զարգանում են վեցամսական երեխաների մոտ 9 տոկոսի մոտ, իսկ 1980-ներին այդ ցուցանիշը 23 տոկոս էր կազմում:
Հեղինակները կարծում են, որ կրծքով կերակրելը եւ պատվաստումները էականորեն նվազեցնում են երեխաների մոտ մրսածության եւ օտիտների զարգացումը:






