Այսօր սրտի կաթվածի զոհ են դառնում ավելորդ քաշ ունեցող երիտասարդ տղամարդիկ: Հիվանդները հրաշալի գիտեն սխալ կենսակերպի ռիսկերը, բայց գերադասում են անտեսել դրանք, ցույց է տվել ԱՄՆ-ում  Cleveland Clinic-ի մասնագետների հետազոտությունը:  

Գիտնականները պարզել են, որ սրտի կաթվածների զոհերը երիտասարդանում են,  չնայած հրաշալի գիտեն հիվանդության ռիսկի գոծոնների եւ կենսակերպը փոխելու միջոցով կանխարգելիչ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտության մասին: 

Սրտի կաթվածներով ժամանակակից հիվանդները ոչ միայն ավելի երիտասարդ են, քան նրանք, ովքեր այդ հիվանդությանը բախվում էին մեկ-երկու սերունդ առաջ: Նրանք նաեւ լիովին կանխարգելելի ռիսկի գործոններ ունեն, ինչպիսիք են ծխելը, հիպերտոնիան, երկրորդ տեսակի դիաբետը, թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը: Այդ եզրահանգումներն արվել են այն ժամանակ, երբ հետազոտողներն ուսումնասիրում էին  3900 հիվանդի կենսակերպը, որոնք 1995-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում բախվել էին ST սեգմենտի բարձրացմամբ սրտամկանի կաթվածի: 

Կաթվածների այս տարատեսակը զարգանում է, երբ սրտի հիմնական զարկերակներից մեկը լիովին խցանվում է աթերոսկլերոտիկ գնդիկներով, ինչը դադարեցնում է արյան շրջանառությունը: Բժշկական շտապ օգնությունը մեծացնում է ողջ մնալու շանսերը, սակայն ST սեգմենտի բարձրացմամբ սրտամկանի կաթվածի մահացության եւ հաշմանդամության ցուցանիշները շատ բարձր են: 

Հետազոտության հեղինակները երիտասարդներին եւս մեկ անգամ կոչ են անում ավելի մեծ ուշադրություն հատկացնել ճիշտ սնվելուն, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը եւ սթրեսի դեմ պայքարին: Բացի այդ, արդեն   40 տարեկանից անհրաժեշտ է սրտաբանների մոտ կանխարգելիչ ստուգումներ անցնել, եթե մարդն ավելորդ քաշ ունի, ծխում է եւ սպորտով չի զբաղվում: