Դերասան եւ «Թրայբեքա» փառատոնի համահիմնադիր Ռոբերտ Դե Նիրոն սկզբում համաձայնել, իսկ հետո հրաժարվել է ծրագրում ներառել այն ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է երեխաների մոտ աուտիզմի զարգացման վրա պատվաստումների ազդեցության մասին: Դերասանը, որի որդին աուտիզմով է տառապում, մտադիր էր այդ թեմայով բանավեճ սկսել, սակայն հետո միտքը փոխել է:
«Պատվաստում. կեղծիքից աղետ» ֆիլմը, որը պնդում է երեխաների պատվաստման եւ աուտիզմի միջեւ կապի մասին, նկարահանվել է սկանդալային համբավով բրիտանացի նախկին վիրաբույժ Էնդրյու Ուեյքֆիլդը: Դե Նիրոն, որն աուտիստ որդի ունի, անձամբ պնդում էր, որ այդ ֆիլմը ներառվի Թրայբեքայի մասնակիցների ցուցակում, չնայած Ուեյքֆիլդի գործունեության քննադատությանը:
«Ես ու Գրեյսն աուտիզմով տառապող երեխա ունենք եւ կարծում ենք, որ շատ կարեւոր է բաց քննարկել եւ դիտարկել այս խնդրի հետ այս կամ այն կերպ կապված հարցերը: Փառատոնի գոյության բոլոր 15 տարիների ընթացքում ես երբեք չեմ միջամտել ֆիլմերի ընտրությանը: Սակայն ինձ եւ իմ ընտանիքի համար սա շատ անձնական հարց է եւ ես ուզում եմ այս թեմայով բանավեճ սկսել, այդ պատճառով մենք ցույց կտանք «Պատվաստվածներին»», – բացատրել է դերասանը` նշելով, որ չի կիսում ֆիլմի հեղինակների հայացքները, ընդամենը ուզում է, որ պատվաստման եւ աուտիզմի թեմայով բանավեճ սկսվի:
Սակայն գիտնականներն ի վերջո կարողացել են փաստարկներ գտնել` համոզելու Դե Նիրոյին եւ նա հրաժարվել է փառատոնին ցուցադրել «Պատվաստվածները»: «Այդ ֆիլմը ցուցադրելու իմ մտադրությունը բացատրվում էր այդ խնդրի մասին զրույց սկսելու ցանկությամբ, որը ես եւ իմ ընտանիքն ընկալում ենք որպես խորապես անձնական: Սակայն Թրայբեքա փառատոնի թիմի եւ գիտական հանրության ներկայացուցիչների հետ այդ հարցը դարձյալ քննարկելով` մենք համարել ենք, որ ֆիլմը չի նպաստի այն բանավեճին, որի հույս ունեի», – հայտնել է դերասանը, տեղեկացնում է BBC-ին:
Նրա խոսքով, «Թրայբեքա» փառատոնը չի փորձում շրջանցել սուր հարցերը: «Բայց մենք անհանգստություններ ունենք ֆիլմի որոշ ասպեկտների առումով, որոնց հետեւանքով ստիպված ենք հետաձգել փառատոնին դրա ցուցադրությունը», – հավելել է Դե Նիրոն:





