Ֆիզիկայի ինստիտուտի Ալիխանյան եղբայրների փողոցի 7-րդ շենքի բնակիչները դեմ են այն որոշմանը, համաձայն որի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մուտքը, դարպասը պետք է կառուցվի իրենց շենքի դիմաց։ Բնակիչները նաեւ վրդովմունք են հայտնում, որ այդ ընթացքում հատվելու են թփեր եւ ծառեր, որոնք տնկվել են դեռ Ալիխանյանի օրոք։
Այսօր, փետրվարի 28-ին շենքի բակում հանրային քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ բնակիչների դժգոհությունը փորձեցին փարատել Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները։
Ըստ բողոքող բնակիչների, կենտրոնի մուտքը կարելի է բացել ֆիզիկայի ինստիտուտի մուտքի մոտից, կամ Հալաբյան փողոցից, ծառերն ու թփերն էլ թողնել իրենց տեղում։ Նրանց մտավախությունը նաեւ այն է, որ իրենց շենքի մոտով անցնող դեպի ֆիզիկայի ինստիտուտ գնացող փողոցը հիվանդանոցային համալիրի գործարկումից հետո չափազանց կծանրաբեռնվի եւ աղմկոտ կդառնա։
Հակառակ կողմի փաստարկներն են՝ շենքի դիրքն այնպիսին է, որ տրամաբանական է մուտքը բացել այդ կողմից։ Հալաբյան փողոցից մուտք բացելը անհնար է մեծ թեքության պատճառով, իսկ ֆիզիկայի ինստիտուտի մուտքը անհարմար է հեռավորության պատճառով։ Ավելին, մուտքը բացելուց հետո կառուցող կողմը պարտավորվում է կանաչապատման աշխատանքներ կատարել։ Ինչ վերաբերում է ծառ կտրելուն, ապա իրականացվելու միայն սանիտարական հատում, տարածքը մաքրելու են աղբից, որից հետո պետք է իրականացվեն բարեկարգման, կանաչապատման եւ ծառատունկի աշխատանքներ։
Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը լրագրողների համար կառուցվելիք կենտրոնով մի փոքր շրջայց կազմակերպեց, եւ ընթացքում տեղեկացրեց, որ Հայաստանում կա 37 հազար քաղքցկեղային հիվանդություններով տառապող մարդիկ, եւ նրանց 90% հնարավորություն չունի արտասահմանում բուժվելու։ «Հարց է առաջանում, այդ մարդկանց ճակատագիրն է կարեւոր, թե այս կեղտն ու այս թփերը։ Ինձ համար կարեւոր են այդ 90% մարդկանց ճակատագրերը» - ասաց նա։
«Այստեղ կառուցվելու է գերժամանակակից, տարածաշրջանում իր նմանը չունեցող ճառագայթային թերապիայի կենտրոն։ Նախատեսվում է իրականացնել 150-200 մահճակալով հիվանդանոցի շինարարություն։ Եւ այս ամենով Հայաստանը կդրվի համաշխարհային քարտեզի վրա որպես ուռուցքաբանաության բնագավառում գերժամանակակից ծառայություններ մատուցող երկրներից մեկը», - ասաց նա։ Ա. Խաչատուրյանը հավաստիացրեց, որ այս կենտրոնը հասանելի է լինելու Հայաստանում քաղցկեղով բոլոր հիվանդների համար, անկախ նրանց նյութական հնարավորություններից։ Ըստ հիմնադրամի տնօրենի, կարող է վճարել պետությունը, կարող են վճարել մասնավոր հիմնադրամներ, բայց այն որ բուժումը հասանելի կլինի Հայաստանի բնակիչներին, խաչատուրյանը երաշխավորում է։
[gallery id=15]






