Երեւանի քաղաքապետարանի եւ մարզերի առողջապահության վարչության պետերի, ինչպես նաեւ Երեւանի խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր քննարկվեցին Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը նախարարի հրամանով կանանց առողջության պահպանման միամսյակի կազմակերպչական հարցեր։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց, որ միամսյակի ընթացքում մարզեր կմեկնեն Երեւանի այն բժշկական կազմակերպությունների մասնագետները, որոնք նախարարի հրամանով արդեն իսկ կցված են այդ մարզերին եւ երկար ժամանակ համագործակցում են։ Բազմապրոֆիլ հիվանդանոցների նեղ մասնագետների հետ մարզեր կմեկնեն նաեւ ուռուցքաբաններ եւ ակնաբույժներ։ Իսկ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը միամսյակի ընթացքում մարզային այցեր կկազմակերպի առանձին ժամանակացույցով։
Մանրամասն ներկայացվեցին գործընթացը սահուն կազմակերպելու մեխանիզմերը, քննարկվեցին կազմակերպական հարցեր։
«Մենք ձեզ հետ միասին ամեն ինչ պետք է անենք, որ լայնածավալ այս ակցիան ինքնանպատակ չլինի…Տարվա ընթացքում մենք նման ակցիաներ էլի կկազմակերպենք ` մեր բնակչության առողջական վիճակի մասին առավել ստույգ տեղեկություն իմանալու եւ նրանց մոտ ժամանակին բժշկին դիմելու վարքագիծ ձեւավորելու նպատակով»,-ասաց Դերենիկ Դումանյանը։






