Պասիվ կինը, որը սպասում է, որ ինչ-որ մեկն իր փոխարեն կարեւոր որոշում կայացնի, հազվադեպ է երջանիկ լինում: Իրականում երջանիկ կարող է լինել սոսկ այն կինը, որն իր ճակատագիրն իր ձեռքն է առնում եւ կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, կարծում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: 

Թվում է, թե ոչ մի բարդ բան չկա որոշում կայացնելու ունակության մեջ, բայց շատ հայ կանայք դա չեն կարողանում եւ այդ պատճառով շատ հաճախ չգիտակցելով դա, ուրիշներին թույլ են տալիս իրենց փոխարեն ընկերներ, ամուսին, մասնագիտություն ընտրել: Դա, որպես կանոն, տեղի է ունենում ոչ այնքան ճիշտ դաստիարակության հետեւանքով. փոխանակ աղջկան ներշնչեն, որ նա կարող է ուժեղ եւ ինքնուրույն լինել, նրան կախվածություն են ներշնչում իրեն շրջապատող տղամարդկանցից:  

Ի՞նչ անի կինը, որը հանկարծ հասկացել է, որ չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել եւ իրեն պատասխանատու չի համարում իր կյանքի համար: 

Հոգեբանի խոսքով, սեփական խնդրի գիտակցումն արդեն քայլ է դրա լուծման ուղղությամբ: Եթե կինը հասկանում է, որ չի կարողանում որոշում կայացնել եւ որ դա վատ է, նա սկսում է մտածել այն մասին, թե ինչպես փոխի իրեն դեպի լավը: Գուցե արժե փորձել սեփական գլխում հստակորեն գծագրել ապագան, որը նա կուզենար եւ որում նա, իր կարծիքով, երջանիկ կլիներ:  Չէր խանգարի նաեւ ինքն իրեն պատկերացնել այդ ապագայում: Հետո արդեն կարելի է պլաններ կառուցել այդ ապագայի եւ իր իդեալական ես-ի մարմնավորման ուղղությամբ: Չի խանգարի նաեւ մտածել այն մասին, թե ինչ լավ եւ/կամ վատ բան կտա ձեզ ավելի ինքնուրույն եւ պատասխանատու մտածողությունը: 

Իսկ եթե կինը վախենում է կարեւոր որոշումների ընդունումից, գուցե արժե պարզել, թե որտեղից է ի հայտ եկել այդ վախը եւ թե նա ճշգրիտ ինչից է վախենում: Այդ դեպքում նրա համար ավելի հեշտ կլինի փոխվելը եւ իր կյանքի համար ավելի պատասխանատու դառնալը: