Սույն թվականի մարտի 15-ին «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական  հիմնադրամի նախագահ Դոկտոր Ֆրիդա Ջորդանը պարգեւատրվել է «ԱՄՆ Կոնգրեսի 28 Ընտրաշրջանի Տարվա Կին» մրցանակով:

Կոնգրեսական Ադամ Շիֆֆը ներկայացուցիչների տանը՝ իր ելույթի ժամանակ, նշեց այս պարգեւատրման մասին, որը մտցվեց Կոնգրեսի Արձանագրության մեջ:

Կանանց Միամսյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում պրն. Ադամ Շիֆը Դոկտոր Ջորդանին եւ մի խումբ պատվարժան կանանց անձամբ հանձնեց այդ բարձր պարգեւը: Իր ելույթում պարոն Շիֆը նշեց, որ ԱՄՆ Կոնգրեսի 28 Ընտրաշրջանը յուրաքանչյուր տարի հատուկ ուշադրության է արժանացնում այն կանանց, որոնք տարվա ընթացքում իրենց գործունեությամբ նշանակալի ներդրում են ունենում Ընտրաշրջանի կյանքում: Նա առանձակի նշեց դոկտոր Ֆրիդա Ջորդանի գործունեությունը:

Դոկտոր Ֆրիդա Ջորդանը  կենսաքիմիայի դոկտորի կոչում ստացել է բրիտանական հեղինակավոր Kings College London University- ում: Երկար տարիներ ղեկավարել է Լոնդոնի Anthony Nolan Research Center at the Royal Free Hospital-ի լաբորատոր հետազոտությունների կենտրոնը: Հետագայում նա նշանակվել է համատնօրեն Լոս Անջելեսի  Cedars - Sinai բժշկական կենտրոնի HLA եւ IMMUNOGENETICS լաբորատորիայում: Այժմ նա է Լոս Անջելեսում ղեկավարում է Foundation Laboratory ԴՆԹ - ի մոլեկուլյար տիպավորման բաժինը: Դր. Ջորդանը ունի Ամերիկյան Հյուսվածքային Համատեղելիության եւ Իմունոգենետիկայի խորհրդի հավատարմագիր,  հանդիսանում է Եվրոպական Իմունոգենետիկայի  Ֆեդերացիայի (EFI)  լաբորատորիաները հավաստագրող տեսուչ Հայաստանի կողմից :

1999 թվականին Դոկտոր Ջորդանը դարձել է «Ոսկրածուծի դոնորների հայկական   ռեեստր» ԲՀ համահիմնադիր նախագահ:

Իր շնորհակալական խոսքում, Դոկտոր Ջորդանը Ներկայացուցիչների պալատին երախտագիտություն հայտնեց նման պատվի արժանացնելու համար: Նա նշեց, որ կոնգրեսական Ադամ Շիֆը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի երկար տարիների աջակիցն ու ջատագովն է:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին եւ գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:

 Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում:Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  28.000 դոնոր, ռեեստր դիմած 4485  հիվանդի հետ նախնական համընկնող 4369 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 26-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

 Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն եւ լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս եւ անցավ գործընթաց է, տեւում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: