Կոտրված սիրտը կարող է մահվան պատճառ դառնալ, ասում են գիտնականները: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սրտային անբավարարության կամ կաթվածի ռիսկը սիրելի մարդու կորստից հետո առաջին ամսվա ընթացքում կրկնապատկվում է:
Սա ապացուցում է, որ ծանր կորուստը ոչ միայն մեծացնում է դեպրեսիայի եւ անհանգստության ռիսկը, այլեւ կարող է թուլացնել բոլոր տեսակի հիվանդություններից՝ մրսածությունից մինչեւ քաղցկեղ, օրգանիզմի պաշտպանվելու ունակությունը:
Բժիշկները նույնիսկ անվանում են սա կոտրված սրտի համախտանիշ, որովհետեւ սիրելիի կորստից հետո մեկ տարվա ընթացքում մարդու մահանալու ռիսկը 6 անգամ ավելի է, քան կյանքի այլ փուլերում:
Այս ֆենոմենը բացատրում է, թե ինչու են այրիներն իրենց կեսի մահից կարճ ժամանակ անց մահանում, հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտությունը հիմնված է շատ հայտնի մարդկանց՝ նրանց զուգընկերների մահից հետո մահվան վրա՝ 2005-ին Բրիտանիայի նախկին վարչապետ Ջեյմս Քալլագանը իր կնոջ՝ Օդրիի մահից 11 օր հետո, որը եղել է 67 տարեկան, մահացավ 92 տարեկանում՝ թոքերի բորբոքումից:
2003-ին երգիչ Ջոննի Քեշը 71 տարեկանում դիաբետի հետ կապված բարդություններից մահացավ իր կնոջ՝ Ջունի մահից 4 ամիս հետո:
Կոտրված սրտի համախտանիշի առաջացման շատ պատճառներ կան, բայց ամենագլխավորը համարվում է օրգանիզմի կողմից կորտիզոլ կոչվող քիմիական նյութի արտադրվելը, որն ի պատասխան վտանգի եւ սթրեսի՝ արտազատում են մակերիկամները:
Իսկ հետո այդ հորմոնը սկսում է ազդել տարբեր օրգանների վրա:
ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Սիրելի մարդու կորստից կարճ ժամանակ հետո սարսափելի արագությամբ սկսում են թափվել կանանց մազերը:
Մազերի աճը ենթակա է բնական ռիթմի: Մազը սովորաբար աճում է 3 տարի, հետո 3 ամիս «քնում է» եւ ընկնում է՝ նոր մազերին ճանապարհ տալով:
Օրգանիզմում կորտիզոլի բարձր մակարդակը կարող է 30%-ով ավելի շատ մազերի թափվելու պատճառ դառնալ, ինչը հանգեցնում է ճաղատ հատվածների գոյանալուն:
Լավ նորություն այն է, որ այդ վիճակը սովորաբար ինքնաբերաբար անցնում է: Արդեն 6 ամիս հետո մազերը պետք է նորմալ աճեն:
ԳՐԻՊ ԵՎ ՀԱՐԲՈՒԽ
Ցավը թուլացնում է իմունային համակարգը՝ մարդուն դարձնելով զգայուն մրսածության, գրիպի, անգինայի եւ աղիների խանգարումների նկատմամբ: Մեղավորը նորից կորտիզոլն է, որը հոսում է մեր մարմնով, երբ մենք տխուր ենք, որպեսզի մեզ պաշտպանի վտանգից:
Մկաններին եւ ուղեղին ավելի շատ էներգիա տալու համար այն օրգանիզմի ռեսուրսները հեռացնում է իմունային համակարգից, ինչի հետեւանքով մարդը կարող է շաբաթներով կամ ամիսներով հիվանդ լինել:
Եվ քանի որ կորտիզոլը ճնշում է իմունային համակարգը, օրգանիզմն այլեւս ինչպես հարկն է չի պատասխանի պատվաստումներին:
ԳԼԽԱՑԱՎ
Ծանր կորուստը կարող է լարվածության գլխացավեր առաջացնել:
Պատճառն առայժմ լիովին պարզ չէ, բայց այդ գլխացավերը կապում են ուսի եւ պարանոցի մկանների լարվածության հետ:
ԱՍԹՄԱ
Ասթմայով տառապող մարդկանց դեպքում ծանր կորուստը կարող է ուժեղ նոպաների պատճառ դառնալ:
Դանիացի գիտնականները, որոնք կատարել են տվյալ ուսումնասիրությունը, ենթադրում են, որ կորստի հետեւանքով սթրեսը թուլացնում է իմունային համակարգը՝ մեծացնելով ասթմայի նոպաների ռիսկը:
ԲԱՐՁՐ ՃՆՇՈՒՄ
Զարմանալի չէ, որ սիրելի մարդու կորստից հետո առաջին շաբաթներին ճնշումը բարձրանում է: Պատճառն այն է, որ սթրեսի հորմոններն ընկնում են արյան մեջ, սրտին ստիպում են ավելի արագ բաբախել, իսկ արյունատար անոթները նեղանում են:
ԱՂԻՆԵՐԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մոտ 100 000 բրիտանացի տառապում է խոցային կոլիտով՝ հաստ աղիքի բորբոքային հիվանդությամբ: Նշաններից է փորլուծությունը, երբեմն՝ արյան եւ ստամոքսի սպազմի հետ:
Հիվանդության առաջացման պատճառն անհայտ է, այն բուժում չունի: Բայց սթրեսը կարող է ռեցիդիվներ առաջացնել կամ ավելի վատացնել նշանները:
ՔԱՂՑԿԵՂ
Իմունային համակարգը պայքարում է ոչ միայն մանրէների դեմ, այն նաեւ ոչնչացնում է քաղցկեղային բջիջները:
2000 թվականին ավելի քան 6000 իսրայելցի ընտանիքի հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղով հիվանդացության դեպքերն ավելի շատ են եղել «Դատաստանի օրվա պատերազմում» որդիներին կորցրած ծնողների շրջանում:
Համենայն դեպս, Մեծ Բրիտանիայի քաղցկեղային հետազոտությունների կենտրոնը կարծում է, որ կապը չափազանց փոքր է:






