Իտալացի եւ ամերիկացի գիտնականները Ալան Մայզելի գլխավորությամբ միավորվել են` բացահայտելու իտալական Աչչարոլի գյուղի բնակիչների երկարակեցության գաղտնիքը: Այս բնակավայրում 300 մարդ է ապրում, ում տարիքը գերազանցում է 100 տարեկանը:
Այս գյուղի բնակիչների շրջանում սրտանոթային եւ Ալցհայմերի հիվանդությունների հաճախությունը բավականին ցածր է. գիտնականները դա կապում են միջերկրածովյան սննդակարգի հետ, որին այդ մարդիկ հետեւում են, ինչպես նաեւ շատ ուտեստներում հազրեվարդի օգտագործման: Բացի այդ, գյուղի տեղադրության պատճառով բնակիչները ստիպված են լինում ամեն օր ոտքով մեծ տարածություն անցնել. հավանաբար դա եւս դրականորեն է ազդում նրանց առողջության եւ կյանքի տեւողության վրա:
Գիտնականները նախատեսել են հետեւել գյուղի բնակիչներին, ինչպես նաեւ յուրաքանչյուր երկարակյացի գենետիկական անալիզ կատարել, ուսումնասիրել նրանց սննդակարգի եւ կենսակերպի առանձնահատկությունները: Հետազոտության յուրաքանչյուր մասնակից մտածողական ակտիվությունը որոշող թեստ կանցնի, ինչպես նաեւ արյան անալիզ կհանձնի` ի հայտ բերելու տարբեր հիվանդությունների հետ կապված կենսանիշերը, որոնց թվում են քաղցկեղի մի քանի տեսակ, երիկամների հիվանդություններ եւ այլն:
Այս հետազոտությունը, որը ֆինանսավորվում է եվրոպական դրամաշնորհների միջոցով, գիտնականներին կօգնի հասկանալ ոչ միայն երկարակեցության գաղտնիքները, այլեւ պարզել, թե ինչպես առավելագույնս լավ խնամք ապահովեն տարեց հիվանդներին:






