Ցուկուբայի համալսարանի ճապոնացի գիտնականները բժիշկներին կոչ են անում քաղցկեղի վերջին փուլում գտնվող անբուժելի հիվանդներին ուղարկել տանը մահանալու, որովհետեւ դա նրանց կյանքի մի քանի լրացուցիչ օր կնվիրի: Այդ եզրահանգումներն արվել են ավելի քան 2 000 հիվանդի դիտարկումների հիման վրա: Պարզվել է, որ այն հիվանդները, որոնք հիվանդանոցում են մահացել, 4 օրով պակաս են ապրել, քան   հիվանդության նույն փուլում գտնվող այն մարդիկ, որոնք տանն էին մահանում: 

Իսկ այն հիվանդները, որոնց բժիշկները 2-ից 8 շաբաթ էին տալիս, տնային պայմաններում 5 շաբաթ էին ապրում, իսկ հիվանդանոցում` 4: Միաժամանակ տարբերություններ չեն հայտնաբերվել այն հիվանդների կյանքի տեւողության մեջ, որոնց 8 շաբաթից ավելի էր մնացել ապրելու:

Գիտնականների կարծիքով, հետազոտությունը պիտի ազդի բժիշկների վրա, որոնք ծայրաստիճան հազվադեպ են քաղցկեղով անբուժելի հիվանդներին տուն ուղարկում, չնայած այն փաստին, որ վերջիններս հաճախ ցանկանում են իրենց մնացած ժամանակն անցկացնել տանը` ընտանիքի գրկում: 

Հարցումները ցույց են տալիս, որ արեւմտյան զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդների ճնշող մեծամասնությունը կնախընտրեր տանը մահանալ: Ռուսաստանում, ինչպես նշում են փորձագետները, նման հիվանդները նախընտրում են հիվանդանոցում մահանալ: Դա կապված է այն բանի հետ, որ զարգացած երկրներում բժշկությունը հիվանդներին ապահովում է բոլոր անհրաժեշտ ցավազրկող դեղամիջոցներով, անկախ նրանց գտնվելու վայրից: Հայաստանում այդ խնդիրն իր առանձնահատկություններն ունի: Նման հիվանդներին գործնականում գրեթե չեն պահում հիվանդանոցներում, իսկ պոլիկլինիկաների միջոցով դուրս գրվող դեղամիջոցները հաճախ բավարար չեն լինում: Իսկ հոսպիսները ոչ բոլորի գրպանին են հարմար: