Ռուսաստանի Դաշնության գործող օրենքի համաձայն, այն աշխատանքային միգրանտները, որոնց մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել, ենթակա են արտաքսման: Դա լուրջ խնդիրներ է ստեղծում իրենց` միգրանտների եւ նրանց ընտանիքների համար, հատկապես եթե վերջիններս ապրում են ՌԴ-ի տարածքում: Կարո՞ղ են աշխատանքային միգրանտները շարունակել աշխատել Ռուսաստանում նույնիսկ նրանց մոտ ՄԻԱՎ-ի հայտնաբերումից հետո: Այս հարցն այսօր շատերին է հուզում: 

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է «ՁԻԱՀ տեղեկատվակապ» հիմնադրամի փոխտնօրեն Իրինա Կոստեցկայան, ՄԻԱՎ-ով օտարերկրյա քաղաքացիների արտաքսման խնդիրն անհամեմատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ռուսաստանը մեկն է այն փոքրաթիվ երկրներից, որոնք իրենց բյուջեից ամբողջությամբ վճարում են ՄԻԱՎ-ի բուժումը: Ռուսաստանում այսօրվա դրությամբ ՄԻԱՎ-ով վարակված գրեթե 750 000 մարդ կա, որոնց միայն 37 տոկոսն է բուժում ստանում:

ՄԻԱՎ-ով վարակված եւ հակառետրովիրուսային թերապիայի կարիք ունեցող բոլոր մարդկանց բուժման կազմակերպումը բավականին բարդ գործ է: Ավելին` դա մեծ բեռ է բյուջեի համար: Այդ պատճառով նաեւ օտարերկրյա քաղաքացիների բուժման կազմակերպումն այն դեպքում, երբ Ռուսաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են ստանում այդ բուժումը, էլ ավելի բարդ է: 

Մյուս կողմից ցանկալի է, որ մարդը, որի մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել, անպայման բուժում ստանա, չէ որ այն ոչ միայն անհրաժեշտ է առողջությունը պահպանելու համար, այլեւ օգնում է կանխարգելել վիրուսի փոխանցումն այլ մարդկանց: Եթե այդ մարդը չի կարող բուժում ստանալ ՌԴ-ի տարածքում, ցանկալի է, որ նա բուժվի հայրենիքում, որտեղ նրա համար երաշխավորված կլինի բուժումը: Այդ պատճառով հայրենիք վերադարձն այս իմաստով բխում է նաեւ աշխատանքային միգրանտի շահերից: 

Այլ հարց է, եթե այդ մարդը Ռուսաստանում ընտանիք ունի, օրինակ` աշխատանքային միգրանտ տղամարդը Հայաստանի քաղաքացի է, իսկ կինը` Ռուսաստանի: Նման իրավիճակում միգրանտը կարող է Ռուսաստանում մնալու լիովին օրինական միջոց գտնել, չնայած դրա համար նա ստիպված կլինի դատարան դիմել:

Իրինա Կոստեցկայան նշել է, որ առկա է ՌԴ գերագույն դատարանի նախադեպային որոշում Մոլդովայի քաղաքացու գործի վերաբերյալ, որը Ռուսաստանում ընտանիք ուներ. այդ որոշման համաձայն, տղամարդուն ընտանիքը պահպանելու նպատակով թույլատրեցին մնալ Ռուսաստանում: Հետագայում ռուսաստանյան դատարանը նման եւս մի քանի գործ քննեց, ինչի արդյունքում դատարանը հանգեց այն եզրակացության, որ եթե մարդը ՌԴ-ի տարածքում ընտանիք ունի, արտաքսումը հակասում է ընտանեկան օրենսգրքին:

Ավելին, 2016-ի մարտի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ) ռուսաստանյան կառավարությանը մեղավոր ճանաչեց ՄԻԱՎ-ով մի շարք օտարերկրյա քաղաքացիների իրավունքները խախտելու համար, որոնք ընտանեկան հարաբերություններ ունեին Ռուսաստանի տարածքում: ՄԻԵԴ-ը որոշեց 17 000 եվրո փոխհատուցում վճարել Մոլդովայի քաղաքացի Միխայիլ Նովրուկին, որը չի կարող Ռուսաստանում պաշտոնապես աշխատանքի անցնել 2010-ին իր մոտ հայտնաբերված ՄԻԱՎ-ի եւ միգրացիոն իշխանությունների հետ այլ խնդիրների պատճառով: Նովրուկը 2005-ից Պրիմորսկի մարզում է ապրում եւ ամուսնացած է Ռուսաստանի քաղաքացուհու հետ, նրանք միասին 10 երեխա են դաստիարակում, այդ թվում` որդեգրած:

Այսպես, եթե աշխատանքային միգրանտը, որի մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել եւ որը ընտանիք ունի Ռուսաստանում, ցանկանում է մնալ երկրում, նա պիտի դատարան դիմի, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են այդ հարցերում:  Քանի դեռ դատավարություն կընթանա, նրան չեն արտաքսի: Ամեն դեպքում, ցանկացած պահի միայն նման եղանակով է հնարավոր ապահովել Ռուսաստանում մնալու երաշխավորված իրավունքը եւ շարունակել աշխատել այնտեղ: 

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով, Ռուսաստանից ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց արտաքսման հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ նրանց բուժում եւ օգնություն տրամադրելու կազմակերպված համակարգի բացակայությունը զգալիորեն բարդացնում են նրանց կյանքը: Հայաստանում, օրինակ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կանոնավոր կերպով հետազոտվում են եւ ամեն ամիս հակավիրուսային դեղամիջոցներ են ստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնում:  Աշխատանքային միգրանտներին դեղ են տրամադրում 3 ամսով, ինչը նշանակում է, որ 3 ամիսը մեկ նրանք կամ Հայաստան պիտի վերադառնան, որ հետազոտվեն եւ դեղամիջոցներ ստանան, կամ էլ պիտի հետազոտվեն այն երկրում, որտեղ աշխատում են եւ այլ միջոցներով ճարեն անհրաժեշտ դեղամիջոցները:

Երկու տարբերակն էլ ֆինանսական եւ այլ դժվարություններ են ստեղծում այս մարդկանց համար. առաջին դեպքում դա ճանապարհածախսն է, երկրորդ դեպքում` արտաքսման վտանգ կա, եթե օտար երկրում հետազոտության ընթացքում կարգավիճակը բացահայտվի: 

Հիշեցնենք, որ Հայաստանում նախատեսված է մայիսի 18-19-ին տարածաշրջանային համաժողով անցկացնել «ՄԻԱՎ-ը եւ միգրացիան ԵԱՏՄ-ի երկրներում» թեմայով, որին 6 երկրի 55 ներկայացուցիչ կմասնակցի: Համաժողովի հիմնական նպատակն է աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածման սահմանափակման ուղիներ գտնել, ձեւակերպել այն գործողություններն ու միջոցառումները, որոնք անհրաժեշտ կլինի անցկացնել ինչես կեցության երկրում, այնպես էլ աշխատանքային միգրանտների հայրենիքում: 

Համաժողովը կկազմակերպվի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում աջակցության ծրագրի շրջանակում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի ուսումնառեսուրսային կենտրոնի տարածքում: Դրան կմասնակցեն ԵԱՏՄ-ի անդամ 5 երկրի եւ Տաջիկստանի Առողջապահության նախարարությունների, միգրացիոն ծառայությունների, դեսպանատների եւ հյուպատոսարանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՁԻԱՀ կենտրոնների մասնագետներ: Այս համաժողովը գուցե օգնի ՄԻԱՎ-ով ապրող աշխատանքային միգրանտների խնդիրների լուծման ուղիներ գտնել: 

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի 70 տոկոսն այս կամ այն կերպ կապված է աշխատանքային միգրացիայի հետ: Հիվանդների 57 տոկոսը վարակվել է այլ երկրներում աշխատելու ընթացքում (մասնավորապես` Ռուսաստանում, որտեղ ՄԻԱՎ-ը 4-5 անգամ ավելի է տարածված, քան Հայաստանում), եւս 13 տոկոսը նրանց զուգընկերն է եղել եւ նրանցից է վարակվել: