Հոգեկան հիվանդություններն առաջանում են ոչ միայն գեների, այլեւ ծանր կյանքի պատճառով, պարզել են բրիտանացի գիտնականները: Այդ մասին հայտնում է Psychology Today պարբերականը:
Լիվերպուլի համալսարանի աշխատակիցները քննադատել են խնդրին միակողմանի մոտեցումը: Նրանց կարծիքով, գենետիկական առանձնահատկություններն անկասկած իրենց ներդրումն են ունենում հոգեկան տարբեր խանգարումների ձեւավորման գործում, բայց միակ պատճառը չեն:
Գիտնականները կարողացել են ապացուցել, որ հիվանդության իրական պատճառները թաքնված են նրանում, թե մարդն ինչ կենսակերպ է վարում: Կարեւոր է այն, թե հիվանդը որքան հաճախակի է նյարդայնանում, հայտնվում սթրեսային իրավիճակներում եւ թե արդյունքում ինչպես է արձագանքում տեղի ունեցողին: Հասարակ գործազրկությունը կամ մոտ մարդու մահը կարող են լուրջ վնաս հասցնել հոգեկան առողջությանը:
«Այո, մտածողության համար նախ եւ առաջ պատասխանատու է ուղեղի կենսաբանական կառուցվածքը, որը ձեւավորում է մեր ամեն միտքը կամ հույզը, սակայն սոցիալական այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործազրկությունը կամ անբարենպաստ շրջապատը, ոչ պակաս կարեւոր են», - պարզաբանել է Լիվերպուլի համալսարանի կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Փիթեր Կինդերմանը:
Կինդերմանի խոսքով, եթե խոսքն այնպիսի հիվանդության մասին է, ինչպիսին փսիխոզն է, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հնարավոր հոգեբանական տրավմայի վրա, որը մարդը կարող է ստացած լինել մանկությունում: Եվ միայն դրանից հետո մտածել հիվանդության ֆիզիոլոգիական կողմերի մասին:
Այդ կապակցությամբ գիտնականները պնդում են, որ այսուհետ անհրաժեշտ է կենտրոնանալ սոցիալական գործոնների ուսումնասիրման վրա, ոչ թե հսկայական գումար ծախսել կենսաբանական պատճառների հետազոտման վրա:






