Հայաստանում ընդունվել է մայրական կաթի եւ մանկական սննդի վերաբերյալ բրոշյուրներ կազմելու կարգը: Կարգը հաստատվել է Հայաստանի կառավարության մարտի 31-ի նիստին: Բնակչության իրազեկումը նախատեսված է ավելի վաղ ընդունված «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքով:
«Հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին և բուժաշխատողներին ճշգրիտ ու հավաստի տեղեկատվություն ապահովելու նպատակով նախագծով սահմանվում են կազմակերպությունների կողմից հրապարակվող մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական սոցիալական նյութերի` առողջապահության նախարարության հետ նախապես համաձայնեցնելու կամ լիազորելու ընթացակարգ»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների մասին» համաձայնագիրը նախատեսում է «բնակչության բոլոր շերտերին, այդ թվում` ծնողներին երեխայի առողջ սննդի, այդ թվում` կրծքով կերակրման մասին տեղեկությունների» ապահովում: Հայաստանում գործող օրենքի համաձայն, նման նյութերը պիտի համաձայնեցվեն Առողջապահության նախարարության հետ:
Կառավարության մարտի 31-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մուրադյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչու են պոլիկլինիկաներում երիտասարդ մայրերին խորհուրդ տալիս մանկական սննդի միայն երկու տեսակ` Hipp եւ Humana (դրանք ներկրում են պատգամավոր եւ գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» եւ հանրապետության գլխավոր ոստիկանապետ Միհրան Պողոսյանի «Քեթրին Գրուպ» ընկերությունները):
«Բրենդների հետ կապված հարցերն այժմ մեկնաբանել չեմ ցանկանում: Անհրաժեշտության դեպքում կարող ենք մանրամասն պատասխանել գրավոր հարցերին», - հայտնել է Մուրադյանը:






