Ժամանակակից Զիկա վիրուսը տարբերվում է նրանից, որը հայտնաբերվել էր 1947–ին, ինչը կարող է վկայել դրա մուտացիաների մասին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, վարչապետի օգնական Գենադի Օնիշչենկոն:
«Այն Զիկա վիրուսը, որը մենք հիմա ենք հայտնաբերում, շատ տարբերվում է նրանից, որը կար 1947-ին: Այսինքն կասկածներ կան, որ այն լուրջ մուտացիաների է ենթարկվել», - ասել է Օնիշչենկոն Эхо Москвы ռադիոկայանի եթերում:
Ընդ որում նա նշել է, որ վիրուսակիր մոծակի ակտիվ տարածումը կարող է պայմանավորված լինել կլիմայական փոփոխություններով:
«Մոտավորապես այս տասնամյակի սկզբից՝ այսինքն 2011-ին մոծակը սկսեց հանկարծ շատ արագ տարածվել: Բացատրությունը մեկն է՝ եղանակը տաքացել է: Միեւնույն ժամանակ մենք հիմա ստուգում ենք նաեւ մեկ այլ վարկած՝ կան տվյալներ, որ այդ մոծակը հատուկ է գենետիկ մոդիֆիկացիաների ենթարկվել անգլիական ընկերության կողմից, որը համագործակցում է ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Բացատրությունը մեկն է՝ նրանք ուզում էին, որ այս մոծակը ճնշի բնական էգին ու վերջինը դադարի սերունդ տալ», - հավելել է Օնիշչենկոն:
Զիկա տենդը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մարդուն է փոխանցվում մոծակների միջոցով: Վիրուսը առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ ենթադրվում է, որ այն պղտի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում՝ ուղեղի պոտենցիալ ծանր ախտահարումով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա տենդի բռնկումը Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում փետրվարի 1-ին ճանաչել է միջազգային մասշտաբների արտակարգ բժշկական իրադրություն:






