Տոկիոյի համալսարանի գիտնականները (Ճապոնիա) էլեկտրոնային նոր մաշկ են մշակել, որի օգնությամբ հնարավոր է հետեւել հիվանդի առողջական վիճակին:

Գիտնականների մշակած գերբարակ, առաձգական ժապավենն օգտագործելով` հնարավոր է սեփական մաշկը վերածել հեղուկաբյուրեղային էկրանի: Ժապավենի հաստությունն ընդամենը 0,003 մմ է, ինչը մարդկային մազից 13 անգամ ավելի բարակ է. այն կարող է փակցվել անմիջապես մաշկի վրա եւ ոչ մի անհարմարություն չպատճառել: Տակաո Սոմեան բացատրել է, որ մաշկին փակցված ժապավենի օգնությամբ հնարավոր կլինի հետեւել սրտի կծկումների հաճախությանը, արյան մեջ թթվածնի մակարդակին եւ շատ այլ պարամետրերի:

Ի տարբերություն համանման այլ ժապավենների, սա ի վիճակի է մի քանի օր, ոչ թե ժամ պահպանել իր գործառնականությունը: Դա հնարավոր է դարձել պասիվացնող շերտի ավելացման շնորհիվ, որն էլեկտրոնային մաշկը պաշտպանում է թթվածնի եւ ջրային գոլորշիների պատճառած ավերումից:

Էլեկտրոնային մաշկը զինված է սենսորներով, ինչպես նաեւ օրգանական լուսադիոդների վրա  հիմնված դիսփլեյով, եւ չափվող ցուցանիշները կարող են արտացոլվել կարմիր եւ կանաչ գույներով:

Գիտնականները կարծում են, որ իրենց մշակումն ապագայում կփոխարինի տարածված ֆիթնես-թեւնոցներին, ինչպես նաեւ կօգտագործվի բժշկական նպատակներով. դրա օգնությամբ հնարավոր կլինի հեշտորեն չափել զարկերակը, արված քայլերի թիվը կամ արյան մեջ թթվածնի մակարդակը: Այս պարամետրերի փոփոխության գրաֆիկը կարտացոլվի դիսփլեյի վրա` անմիջապես ժապավենի փակցման տեղում: