Վրաստանում դեղամիջոցներն ավելի էժան են, քան Հայաստանում, որովհետեւ այնտեղ դեղերի վրա ԱԱՀ չկա, եւ տեղափոխումը ավելի էժան է: Այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի խորհրդարանում իր ելույթի ընթացքում, պատասխանելով Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե ինչու են Վրաստանում դեղերն ավելի էժան, քան Հայաստանում: 

«Ակնհայտ է, որ Վրաստանում դեղերի վրա ԱԱՀ չկա, Վրաստանում դեղերի տեղափոխումն անհամեմատ ավելի էժան է , հատկապես եթե ծովով են տեղափոխում: Իսկ Հայաստանում դրանք հիմնականում տեղափոխում են օդային ճանապարհով եւ մեքենայով` Վրաստանի տարածքով», - ասել է նա:

Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշել, է, որ Առողջապահության նախարարությանը դեղերի ցանկ է ներկայացրել, որոնք Վրաստանում անհամեմատ ավելի էժան արժեն, քան Հայասանում եւ նշել է, որ շատ հայեր ստիպված են դեղերի հետեւից Վրաստան մեկնել:

Նա նաեւ հավելել է, որ կան դեղեր, որոնք Վրաստանում արժեն  900 դոլար, իսկ Հայաստանում` 1700 դոլար եւ այս տարբերությունն ակնհայտորեն պայմանավորված չէ տրանսպորտային ծախսերով եւ ԱԱՀ-ով. այն ներմուծման մենաշնորհման եւ առողջ մրցակցության բացակայության հետեւանք է:

Հիշեցնենք, որ որոշ մասնագետների գնահատականով, Վրաստանից դեղերի մաքսանենգ առեւտուրն արդեն զգալի մասշտաբներ է ձեռք բերում. այնտեղից բերված դեղերը, որոնք անհամեմատ ավելի ցածր գնով են ձեռք բերվել, վաճառվում են Հայաստանի մարզերի շատ դեղատներում: