Ժնեւում շարունակվում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստը, որին որպես եվրոպական տարածաշրջանի  կողմից առաջադրված փոխնախագահ մասնակցում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: ԱՀԿ բոլոր անդամ պետություններին միավորող բարձրագույն վեհաժողովում նա  այսօր նախագահեց նաեւ առողջապահության ասամբլեայի նիստը:

«Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են գլոբալ խնդիրների լուծման առավել ռացիոնալ մոտեցումներ: Այդ առողջապահական խնդիրների լուծումը պահանջում է ջանքերի եւ ազդեցության լծակների մեկտեղում: Մենք սատարում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ջանքերը, որը կազմակերպության գլխավոր ղեկավարը ձեռնարկում է առավել արդյունավետ ենթակառուցվածքների եւ մեխանիզմների ապահովման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար»,- իր ելույթում ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը նշել է, որ ոչ վարակիչ հիվանդություններին բաժին հասնող բեռի կրճատումը ամենամեծ առաջնահերթությունն է: Նա հայտնել է, որ 2015թ. ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությամբ մշակվել էր մեր երկրում առավել լայն տարածում ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիր:

«Համաշխարհային բանկի աջակցությամբ մենք իրականացնում ենք զարկերակային գերճնշման, դիաբետի եւ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հանտնաբերման եւ կանխարգելման սկրինինգային ծրագիր»,- տեղեկացրել է նիստի փոխնախագահը: Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաեւ մեր երկրում իրականացվող հանրային առողջապահական ծրագրերին, բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը, օրենսդրական եւ այլ բարեփոխումներին:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը սատարում է առողջապահության տարբեր ոլորտների ձեռքբերումները` վարելով հետզհետե հանրային առողջապահական ծրագրերի ֆինանսավորումն ավելացնելու քաղաքականություն»,- ասել է նախարարը:

Եզրափակելով ելույթը` Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է սահմանված նպատակներին հասնելու համար:

ԱՀԿ ասամբլեայի 69-րդ նիստն աշխատանքներն կամփոփի մայիսի 28-ին: