ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկվել է նոր տեխնոլոգիան, որը սրտի փոխպատվաստման իրենց հերթին սպասող հիվանդներին հնարավորություն է տալիս երկար ժամանակ մնալ առանց այդ օրգանի: Սթեն Լարկինը 17 ամիս ապրել է, երբ նրա սրտի գործառույթները կատարել է նրա պայուսակում գտնվող սարքը: Այդ մասին հաղորդում է CNET-ը:
Լարկինի (այժմ նա 25 տարեկան է) եւ նրա ավագ եղբոր մոտ 10 տարի առաջ «ընտանեկան կարդիոմիոպաթիա» են ախտորոշել. դա սրտամկանի ժառանգական հիվանդություն է, որի դեպքում 10-20 տարեկան հասակից սիրտն աստիճանաբար սկսում է վատ աշխատել: 2014-ի դեկտեմբերին Լարկինի այդ օրգանը հեռացրեցին, տեղը արհեստական սիրտ դրեցին, հետո դա միացրեցին SynCardia Freedom Portable Driver անվանումով սարքին. այն մոտ 6 կգ է կշռում եւ ստանձնում է օրգանիզմով արյուն շրջանառելու խնդիրը:
Սարքը նախատեսված է այն հիվանդների համար, որոնց սիրտն ամբողջությամբ կանգ է առել: Այն կրում են ուսապարկում. դա էներգիայի առաջին կրելի աղբյուրն է արյան շրջանառման համար (ավելի վաղ արհեստական սրտով հիվանդներին միացնում էին ստացիոնար սարքերին, որոնք մի քանի հարյուր կգ էին կշռում): SynCardia Freedom Portable Driver-ը 2014-ին անցել է կլինիկական բոլոր փորձարկումները:





