2005-ի մայիսին, Առողջապահության համաշխարհային վեհաժողովի ընթացքում տարբեր երկրների առողջապահության նախարարները միաձայն ընդունել էին հայտարարություն՝ արյան կամավոր դոնորությանն աջակցելու մասին: WHA58.13 բանաձեւով նրանք որոշել էին ամեն տարի հունիսի 14-ին Արյան դոնորի համաշխարհային օր (World Blood Donor Day) անցկացնել՝ հարմարեցնելով այդ օրը ավստրիացի բժիշկ ու իմունոլոգ, նոբելյան մրցանակակիր Կառլ Լանդշթեյների ծնունդին, որը բացահայտել է մարդու արյան խմբերը:
Արյան դոնորի օրը Google–ը «դուդլ» է նվիրել ավստրիացի բժիշկ, քիմիկոս, իմունոլոգ Կառլ Լանդշթեյների ծննդյան 148-րդ տարելիցին:
1901-ին Լանդշթեյները բացահայտել էր արյան О (I), А (II), В (III) եւ АВ (IV) խմբերը: Նա պարզել էր, որ արյան նույն խմբով կամ համատեղելի խմբերով մարդիկ կարող են մեկը մյուսին արյուն տալ: Արյան առաջին հաջող ներարկումը կատարվել է 1907-ին՝ ապացուցելով նրա աշխատանքի արդյունքը: Իր աշխատությունների համար Լանդշթեյները 1930 թ. Նոբելյան մրցանակ է ստացել:
Արյան դոնորի օրը համակարգում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Կարմիր խաչի միությունների ու Կարմիր Կիսալուսնի միջազգային ֆեդերացիան, Արյան փոխներարկման միջազգային միությունը ու Արյան դոնորների կազմակերպությունների միջազգային ֆեդերացիան:
Այդ օրը ամբողջ աշխարհում անցկացվում են գիտաժողովներ, խորհրդակցություններ, հիշատակի արարողություններ, լրատվամիջոցներում հրապարկվում են համապատասխան նյութեր ու այլ միջոցառումներ: Բացի դրանից ամեն տարի այդ Օրը որոշակի կարգախոսով միջոցառոմներ են անցկացվում: 2016-ին արշավի թեման էր «Արյունը միավորում է բոլորիս», որպեսզի եւս մեկ անգամ շեշտադրում արվի այնպիսի հասկացությունների վրա, ինչպիսիք են արյան դոնորների ու հիվանդների «միավորումն» ու նրանց միջեւ «կապը»:





