3D-առաջատար տեխնոլոգիայի շնորհիվ՝ բժիշկներին հաջողվել է փրկել նորածնի, որը շնչափողի արատով է ծնվել:

Գարեթ Փեթերսոնը, որը հիմա 18 ամսեկան է, ծնվել է տրախեոմալյացիայիով՝ շնչափողի արատով, որի հետեւանքով նա չի կարողացել ինքնուրույն շնչել: Ծնողներն օգնության խնդրանքով դիմել են բժիշկ Գլենն Գրինին Միչիգանի համալսարանից, հայտնում է Fox News-ը:

Բժիշկ Գրինը կենսաբժշկական ինժեներ Սքոթ Հոլլիսթերի հետ հատուկ սարք է նախագծել ու մշակել, որը  կպահի Գարեթի շնչափողը՝ մինչեւ այն ամրանա եւ փոքրիկը կարողանա ինքնուրույն շնչել: Սարքի յուրահատկությունն այն է, որ 3D-տպագրության շնորհիվ այն իդեալական հարմար է Գարեթի շնչափողին:

Քանի որ երեխայի կյանքը վտանգված է եղել, բժիշկները թույլ են տվել օգտագործել այդ առաջադեմ տեխնոլոգիան՝ չնայած այն դեռ բոլոր փորձարկումները չէր անցել:

«Մենք վիրահատության ժամանակ տեսանք, որ Գարեթի շնչափողը փակ է,- ասում է տղային վիրահատած վիրաբույժը:- Եվ թոքերից մեկը սպիտակ գույնի էր: Բժիշկ Գրինի մշակած սարքը տեղադրելուց մի քանի ժամ հետո շնչափողը բացվել է, իսկ թոքը՝ վարդագունել»:

3D-պատկերը հնարավորություն է տալիս սքանավորել հիվանդի օրգանիզմը, այնուհետ այնպիսի պրոթեզներ ստեղծել, որոնք 100 %-ով համապատասխանեն նրանց: Բժիշկները կարծում են, որ նոր տեխնոլոգիան մեծ ապագա ունի: