2012 թվականին Բեքհեմ Զոբրիստուին, որն այդ ժամանակ 3 տարեկան էր, ռետինոբլաստոմայի (ուռուցքային հիվանդություն) պատճառով աջ աչքը հեռացրել են: Վիրահատությունից հետո աչքի պրոթեզ են դրել, որը մասնագետը ձեռքով այնպես է նկարել, որ արհեստական աչքն անհնար է իսկականից տարբերել: Չնայած դրան՝ տղան արհեստական աչքի պատճառով շատ էր ամաչում:
Չորս տարի շարունակ Բեքհեմի ծնողները եւ նրան բուժող բժիշկներն ամեն ինչ արել են, որպեսզի նա պրոթեզին վարժվի: Արհեստական աչքի վրա Բեթմենի, Սուպերմենի, Կանաչ Լապտերի նշաններ են պատկերել, բայց երեխան պրոթեզը միայն տանն էր դնում: 2015-ի նոյեմբերին նա նվերների ցուցակ է կազմել, որոնք կցանկանար ստանալ Ծննդյան տոներին: Ցուցակի առաջին տեղում իսկական ակնախնձոր էր: Ծնողները նրան հարցրել են, թե ուրիշ ինչ կցանկանար ստանալ, քանի որ այդ խնդրանքն անհնար էր կատարել: Բեքհեմն ասել է, որ կցանկանար պրոֆեսիոնալ բեյսբոլի Chicago Cubs թիմի լոգոյով աչք ունենալ:
Մինչեւ տոները շատ քիչ ժամանակ էր մնացել, եւ ծնողները համոզված չէին, որ վարպետը կհասցնի այդ նվերը պատրաստել, բայց նա հասցրել է, եւ Բեքհեմն ստացել է ցանկալի արհեստական աչքը, որի ծիծանաթաղանթի փոխարեն բեյսբոլի թիմի խորհրդանիշն էր պատկերված: Նա անմիջապես դրել է արհեստական աչքը եւ շատ ուրախ էր դրա համար: Մի քանի ամիս հետո նա ծնողներին ասել է, որ կցանկանար պրոթեզով դպրոց գնալ եւ այն իր համադասարանցիներին ցույց տալ: Հայրն ու մայրը, բնականաբար, համաձայնել են:
Դպրոցում աշակերտներն ապշահար էին եւ հերթ էին կանգնել՝ պրոթեզը տեսնելու, նույնիսկ մատով դիպչելու համար: Այդպես տղան դադարել է վախենալ, որ շրջապատի մարդիկ իր վրա կծիծաղեն: Մեկ տարի առաջ Բեքհեմը ոչ մեկին չէր ասում իր պրոթեզի մասին, իսկ այժմ դրա մասին հաճույքով է պատմում նույնիսկ հեռուստահաղորդման եթերում: Ավելին, իր պրոթեզի շնորհիվ նա նույնիսկ հյուրընկալվել է սիրելի թիմին:





