Հայաստան են մտնում կեղծ դեղեր, այս ոլորտում «բրախած» վիճակ է. դուք պետք է SOS բարձրացնեք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «2015թ. դեկտեմբերի երկուսին Մոսկվայում ստորագրված ՀՀ՝ «ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, աշխարհում ամենամեծ մաֆիան զենքի, անտիկվարիատի եւ դեղերի վաճառքն է. «Մեր երկրում արտադրված դեղերի վրա չի գրվում Made in Armenia, այլ գրվում է Made in Germany, Ռումինիա: Մաֆիան այստեղ է: Այստեղի ցավազրկող դեղրի մեծ մասը ցավազրկող չի: Բժիշկներն իրենք են ասում՝ աշխատեք էստեղի դեղերից չօգտվել, ուրիշ երկրներից բերեք դեղեր: Ամեն անգամ Վրաստանից իմ ընկերների ու հարեւանների համար մեծ քանակությամբ դեղեր եմ բերում: Օրինակ՝ «Պլավիկս» եմ բերում, որը երեք անգամ ավելի էժան է: Եվ գինն է հարմար, եւ որակի մասով ես երաշխավորված: Դեղերի ներմուծումը համապատասխան կոնտրոլ չի անցնում: Դուք ասում եք դրսի կեղծ դեղեր են մտնում Հայաստան, բա ո՞վ է ստուգելու, որ չմտնեն դեղատուն: Հազար կներեք բառիս համար՝ բրախած վիճակ է այս համակարգում»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե արդյոք այս համաձայնագրին միանալով չենք հասնի նրան, որ հիմա էլ Հայաստանում կեղծ դեղեր արտադրեն ու թունավորեն արձանագրությանը միացած մյուս երկրների բնակիչներին:

Ի պատասխան Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. «Մենք լուրջ ուսումնասիրություններ ենք արել այդ ուղղությամբ: Ավելին, թյուր կարծիք կա, որ Վրաստանում ձեռք բերվող դեղերը բարձր որակի են:  Միջազգային փորձագետների քննարկումների ժամանակ պարզվել է, որ կեղծ դեղերի ամենամեծ քանակը Վրաստանում է: Այնտեղ շատ հեշտ գրանցման ու վերահսկողության համարյա բացակայության պայմաններում մեծ թվով կեղծ դեղեր կան: Իսկ մեր դեղերի մասով, այն դեղերը, որոնք ունեն իրենց սերտիֆիկատները, ներմուծման ժամանակ փորձաքննություն են անցել, բացառվում է, որ կեղծ լինեն»:

Նրա խոսքով, Հայաստանում դեղերի ոլորտում վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական տեսչությանը, որը դեռ ձեւավորման փուլում է. «Այս պահին որեւէ դեղատանը ստուգում իրականացնելու իրավասություն չունենք, այդ ամենը կատարվում է մեզ դիմողների միջոցով: Այո, կեղծ դեղերը լրջագույն խնդիր են եւ ամեն ինչ արվում է դրանց դեմ պայքարելու ուղղությամբ»:

Արամ Մանուկյանն իր հերթին հայտարարեց, որ կեղծ դեղերն ազգային անվտանգության խնդիր են. «Մի երկիր, ազգ, որ գտնվում է կիսապատերազմական վիճակում եւ որտեղ կարող է ներմուծվել ցանկացած տեսակի ու քանակի դեղ, դա կարող է հասարակական առողջության վրա լրջագույն վատ ազդեցություն ունենալ: Ստացվում է՝ մենք պաշտպանված չենք, իմունիտետ չունենք դրա դեմ պայքարելու համար: Դուք պետք է SOS, աղմուկ բարձրացնեք, որ այս դաշտում բարձիթողի, անտեր վիճակ է»:

Փոխնախարար Խաչատրյանն ի պատասխան նշեց, որ մեկ տարուց ավելի է՝ SOS-ը բարձրացրել են. «Այս տարվա դեկտեմբերին ուժի մեջ է մտնելու «Դեղերի մասին» օրենքը, որն ուղղված է դեղերի արդյունավետության ու որակի բարձրացմանը: Այն գործուն գործիքներ է տալու պատշաճ պայքարելու կեղծ դեղերի դեմ: Իսկ այս համաձայնագրի շնորհիվ կեղծ դեղերի շրջանառությունը խիստ կպակասի ոչ միայն մեր երկրում, այլեւ ԵՏՄ հետ այս համաձայնագրի անդամ երկրներում»: