«Էրեբունի» ԲԿ-ում գլխուղեղի իշեմիկ վնասվածքով հիվանդին աջ ներքին քներակի (պարանոցի հատվածի) ստենտավորում եւ անգիոպլաստիկա են արել: Բուժկենտրոնի կայքից տեղեկանում ենք, որ վիրահատությունը կատարվել է հոկտեմբերի կեսերին, ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանի ղեկավարությամբ:

59-ամյա Ա.Կ.-ն «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել դեմքի ձախ հատվածի ծռվածությամբ, որը տեղի է ունեցել հիվանդանոց տեղափոխվելուց 4 օր առաջ: ՄՌՏ հետազոտությունը գլխուղեղի աջ կիսագնդում իշեմիկ վնասվածքի օջախ է ցույց տվել:

Հիվանդը ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիայի է ենթարկվել, որը աջ ներքին քներակում կրիտիկական ստենոզ է հայտնաբերել: Դրա հետեւանքում զարկերակում տրոմբ է գոյացել, ինչն էլ հանգեցրել է էշեմիկ ինսուլտի: Ուղեղի կրկնակի իշեմիկ վնասվածքից խուսափելու համար որոշվել է վիրահատական միջամտություն կատարել:

Հիվանդին տեղային անզգայացմամբ վիրահատել են, որը 2 ժամ է տեւել՝ անգիոպլաստիկա եւ աջ ներքին քներակի ստենտավորում:

Հետվիրահատական շրջանը հարթ է անցել, եւ վիրահատության հաջորդ օրը հիվանդն առանց բողոքների դուրս է գրվել:

Աթերոսկլերոզային վնասվածքի եւ ստենոզի պարագայում քներակների ստենտավորումը լավ այլընտրանք է բաց, ավելի տրավմատիկ վիրահատությանը՝ հատկապես այն դեպքում, երբ հիվանդի մոտ առկա են ուղեկցող հիվանդություններ, որոնք մեծացնում են բաց վիրահատության վտանգը: