«Էրեբունի» ԲԿ–ի  Սրտաբանական կենտրոնում հերթական սեմինարի ժամանակ քննարկվել է կրծքային երկու զարկերակների կիրառմամբ աորտոկորոնար շունտավորումը։

Ինչպես հայտնում է կլինիկայի կայքը, կրծքային երկու զարկերակների կիրառմամբ եւ «բարդ» Y –շունտի տեխնիկայով աորտոկորոնար շունտավորմանը նվիրված զեկույցով ելույթ է ունեցել ԲԿ–ի կարդիովիրահատության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ Վահե Գասպարյանը։

Այդ վիրահատության առավելությունը, ստանդարտի  հետ  համեմատած, բացառապես զարկերակային շունտերի օգտագործումն է, որոնք թույլ են տալիս մինչեւ 4 պսակաձեւ զարկերակ շունտավորել (միոկարդի լիակատար զարկերակային ռեվասկուլյարիզացիա), ինչը շատ կարեւոր է վիրահատությունից տարիներ հետո կրկնակի միջամտության անհրաժեշտությունից խուսափելու համար։

Այս վիրահատությունը հաջողությամբ ներդրվել է «Էրեբունի» ԲԿ–ի Սրտաբանական կենտրոնի կլինիկական պրակտիկայում եւ կիրառվում է 55 տարեկանից երիտասարդ հիվանդների շունտավորման համար։