Հաշմանդամություն ունեցող մարդիկ ցանկանում են ինքնուրույն ընտրել, թե որ կենտրոնում օրտեզավորում կատարեն: Ներկայումս նրանք այսպիսի հնարավորություն չունեն. մինչեւ վերջին ժամանակներս նրանցից շատերն իրենց օրտեզները եւ դրանց հետ կապված ծառայությունները ստանում էին «Ինտերորտո» պրոթեզավորման կենտրոնում, իսկ հիմա նրանք պետք է դիմեն «Սատար» հասարակական կազմակերպությանը, որը վերջերս շահել է Հայաստանում հայտարարված օրտեզավորման հետ կապված ծառայությունների մատուցման մրցույթում:
«Կառավարությունը մրցույթ է հայտարարել, որում շահել է մի կազմակերպություն, իսկ մեզ ստիպում են նրանց մոտ օրտեզավորում կատարել: Մենք խնդրում ենք, պահանջում, որ մեզ հասանելիք գումարը մեզ տան, իսկ մենք ինքներս կընտրենք՝ որտեղ ստանանք օրտեզը: Մենք միայն ընտրության իրավունք ենք ցանկանում: Մենք ցանկանում ենք, որ մեր՝ որպես քաղաքացիների եւ որպես հաշմանդամների իրավունքները չխախտվեն»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Ալլա Հովհաննիսյանը:
Ռեգինան, որի 11-ամյա դուստրը ձեռքի օրտեզներ է օգտագործում, նույնպես ընտրելու հնարավորություն է ցանկանում. նա եւս փոփոխություններ չի ցանկանում: Նրա դստեր ձեռքերը ժամանակ առ ժամանակ ստիպված են վիրահատել հազվագյուտ բնածին արատի պատճառով, իսկ օրտեզները վիրահատությունից հետո օգնում են ոսկորներն անհրաժեշտ դիրքով պահել: Երկար տարիներ շարունակ նրա համար օրտեզները պատրաստում է հայտնի օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը. ե՛ւ Ռեգինան, ե՛ւ նրա դուստրը ցանկանում են, որ ամեն ինչ այդպես էլ շարունակվի:
«Մենք «Սատար»-ի դեմ ոչինչ չունենք, բայց քանի որ 2 տարեկանից, ահա արդեն 9 տարի այստեղ ենք բուժվում, նման փոփոխություններ չենք ցանականում»,- ասաց Ռեգինան:
Գագիկ Դանիելյանը 1995 թվականին Արցախյան պատերազմում կորցրել է 2 ոտքերը, եւ 1997 թվականին Մկրտիչ Գինոսյանն իր թիմի հետ նրա համար պրոթեզներ է պատրաստել, որոնց շնորհիվ նա սկսել է ոչ միայն քայլել, այլեւ ֆուտբոլ, թենիս խաղալ եւ պարել: Հետաքրքիր է, որ Գագիկ Դանիելյանը «Սատար» հ/կ-ի գործադիր տնօրենն է: Նա, իհարկե, ուրախ է, որ իր կազմակերպությունն է շահել մրցույթում, բայց, մյուս կողմից, իր իսկ խոսքով, շատ է հարգում այն թիմին, որն իրեն ոտքի է կանգնեցրել, եւ հնարավորության դեպքում կնախընտրեր որպես հիվանդ շարունակել հատկապես նրանց հսկողության տակ լինել: Ինքը Դանիելյանը նույնպես կարծում է, որ մարդիկ իրենք պետք է ընտրեն՝ որ մասնագետին դիմեն:
«Հարցը, որը բարձրացրել է տիկին Ալլան, ճիշտ է: Պետությունը հաշմանդամների հանդեպ պարտավորություններ ունի: Ինքս դեմ եմ, որ ինչ-որ մեկը լինի: Եթե մրցակցություն չլինի, արտադրանքի որակը, օրտեզն արտադրանք անվանենք, չի բարելավվի»,- ասաց նա:
Մրցույթում շահած հաշմանդամների «Սատար» հ/կ-ի նախագահ Հունան Հունանյանն, իր հերթին, նշեց, որ ինքն, իհարկե, համաձայն է, որ հաշմանդամություն ունեցող մարդը պետք է ընտրելու հնարավորություն ունենա, թե որտեղ ստանա իրեն անհրաժեշտ ծառայությունները: Սակայն համաձայն չէ իր կազմակերպությանն ուղղված հարձակումներին. «Ինտերորտո»-ի մոտ այսօր հավաքված հաշմանդամություն ունեցող մարդիկ կասկածներ էին հայտնում, որ «Սատար»-ը կարող է իրենց այնպիսի մակարդակի ծառայություն մատուցել, որին իրենք ընտելացել են: Հունան Հունանյանի խոսքով՝ ընթացիկ դատական քննության պատճառով իր կազմակերպությունը դեռեւս չի կարող օրտեզավորման հետ կապված ծառայություններ մատուցել, կառավարության հետ պայմանագիրը նույնիսկ ստորագրված չէ. եթե որեւէ մեկը մեր օրտեզները դեռ չի տեսել, ինչպե՞ս կարող է ասել՝ դրանք լավն են կամ վատը, հարցնում է նա:
«Սատար»-ի ղեկավարը համոզված է, որ իրենք կկարողանան հաշմանդամություն ունեցող մարդկանց օրտեզներով ապահովել, որոնք կհամապատասխանեն մրցույթի պայմաններին. դրա համար իրենք ունեն ե՛ւ տեխնիկական պայմաններ, ե՛ւ հումքի հասանելիություն, ե՛ւ Գերմանիայում վերապատրաստված մասնագետ:
Իչպես լրագրողներին պարզաբանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանն առընթեր հաշմանդամների եւ տարեց մարդկանց հարցերով վարչության պետ Արթուր Կեսոյանը, «Ինտերորտո» կենտրոնը, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատերը կցանկանային շարունակել օրտեզավորման ծառայություններ ստանալ, մրցույթին ընդհանրապես չի մասնակցել: Մասնակցել են միայն «Պրոթեզոօրթոպեդիկ» ՓԲԸ-ն եւ «Սատար» հ/կ-ն, եւ վերջինն էլ մրցույթում շահել է, քանի որ ավելի ցածր գներ է առաջարկել: Կեսոյանի կարծիքով՝ ամեն դեպքում քաղաքացիները չպետք է անհանգստանան օրտեզների որակի տեսակետից, քանի որ շահած կազմակերպությունը պարտավորվել է օրտեզներ ստեղծել, որոնք լիովին կհամապատասխանեն բոլոր չափանիշներին, որոնք որոշված են մրցույթի պայմաններով:
Կեսոյանը նշեց, որ ներկայումս տեղի ունեցողն ամեն դեպքում ժամանակավոր է. ոչ հեռու ապագայում հաշմանդամություն ունեցող մարդիկ ընտրության հնարավորություն կստանան՝ որտեղ ծառայություններ ստանան եւ որտեղից գնեն հաշմասայլակներ, անթացուպեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ:
Այսօր, սակայն, հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատերը իրենց հասանելիք օրտեզավորման ծառայությունները չեն կարող ստանալ, մինչեւ «Սատար»-ը մրցույթի պայմաններով աշխատել սկսելու հնարավորություն ստանա, դատարանը պետք է որոշի՝ արդյոք հասարակական կազմակերպությունն այս մրցույթին մասնակցելու իրավունք ուներ: Վաղը՝ մայիսի 5-ին, դատարանի որոշումը հավանաբար հայտնի կդառնա: Սակայն եթե դատարանը որոշի «որակազրկել» «Սատար»-ին, թենդերը կանցնի «Պրոթեզոօրթոպեդիկ» ՓԲԸ-ին, իսկ «Ինտերորտո»-ում բուժվել ցանկացող հաշմանդամություն ունեցող մարդիկ, միեւնույն է, ստիպված կլինեն բախվել իրենց համար անցանկալի փոփոխություններին:





