Samsung Electronics ընկերության կողմից Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին որպես  պարգեւ տրված SAMSUNG XGEO GC80 նոր թվային ունիվերսալ ռենտգենոգրաֆիկ սարքը թույլ է տալիս ժամում մինչեւ 200 նկար անել, ինչը զգալիորեն թեթեւացնում է բժշկի աշխատանքը, եւ նվազեցնում է հերթերը հիվանդների ընդունելության  ժամանակ:Սարքը հանդիսանում է միակը Հայաստանում եւ երկրորդը՝ ԱՊՀ-ում:

Ինչպես պարզաբանեց NEWS.am Medicine-ին ռենտգենոլոգիայի և համակարգչային ու մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժնի վարիչ Արման Գրիգորյանը, տվյալ սարքավորման առավելությունը նրա թվային ապահովվածությանն է: Թվային կառավարման շնորհիվ կրկնակի նկարելու անհրաժեշտություն չի առաջանում, իսկ հենց նկարները հիվանդները կարող են ստանալ համակարգչային սկավառակներով: Ա. Գրիգորյանը նաեւ նշեց, որ սարքի բոլոր բաղկացուցիչները հեռակառավարվող են, սարքը ամբողջությամբ մեքենայացված է:

Հետազոտությունն SAMSUNG XGEO GC80 սարքով արժե նույնքան, ինչքան մյուս ռենտգենյան սարքերով: Այստեղ հետազոտում են ինչպես իրենց հիվանդներին, այնպես էլ դրսից ցանկացողներին: Անհրաժեշտության դեպքում մյուս բուժհաստատությունները կարող են այստեղ ուղեգրել ախտորոշման նպատակով իրենց հիվանդներին:

Ռենտգենի օգնությամբ կարելի է ախտորոշել ուռուցքային, որովայնի խոռոչի, վարակիչ, ողնաշարի հիվանդություններ, տարբեր վնասվածքներ (կոտրվածքներ, հոդախախտեր), և այլ տիպերի հիվանդություններ, մեկնաբանեց բժիշկը:

Նոր սարքավորումը գտնվում է երաշխիքի մեջ, և «դեռ որ» չի պահանջում իր պահպանման համար լրացուցիչ ծախսեր:

Հարցին, թե ինչու է Samsung Electronics ընկերությունը որոշել նորարարարական սարքը նվիրել հենց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, Արման Գրիգորյանը պատասխանեց, որ պատճառ կարող են հանդիսանալ և մեծ քանակությամբ հիվանդները, որոնց սպասարկում է հիվանդանոցը, մասնավորապես, պետպատվերի շրջանակներում, եւ հիվանդանոցի բազմապրոֆիլությունը, եւ բժիշկների մասնագիտական հմտությունները:

[gallery id=2]