Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բակում երջանիկ մանկություն խորհրդանշող արձան է բացվել: Հեղինակը հայտնի քանդակագործ Նուռն է (Արման Դավթյան): Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ շատ վաղուց ակադեմիական քանդակագործությամբ չի զբաղվել, բայց այս քանդակը որոշեց ստեղծել հենց ակադեմիական ոճով. միայն այդ կերպ կարող էր լավագույնս արտահայտել այն, ինչ ուզում էր ցույց տալ:

«Երեխաները չեն կարող պարզապես կանգնել կամ նստել, սովորաբար նրանք մշտական շարժման մեջ են՝ խաղում են, զվարճանում: Փորձել եմ երեխաներին շարժման մեջ պատկերել. փոքրիկներից մեկը նկարում է, երկուսը՝ գնդակ խաղում: Փորձել եմ այս քանդակում հնարավորինս արտացոլել լիարժեք կյանքը»,- նշեց քանդակագործը:

Արձանի բացման ժամանակ ունեցած ելույթում Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը պատմեց, թե ինչպես է ծագել դրա ստեղծման գաղափարը. հանդիպումներից մեկի ժամանակ Արման Դավթյանը նշել է, որ մինչեւ հիմա ոչինչ չի արել «Նվիրիր կյանք» հիմնադրամի համար, որը գլխավորում է հանրապետության առաջին տիկինը: Արդյունքում որոշել են, որ նա կարող է քանդակ ստեղծել, որը կխորհրդանշի կյանքը, առողջ ու երջանիկ մանկությունը:

«Մենք կցանկանայինք, որ այն, ինչ պատկերված է այս քանդակում, իրականություն դառնա այս հիվանդանոցը լքող յուրաքանչյուր երեխայի համար»,- նշեց Ռիտա Սարգսյանը: