Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կարծիքով, «Աստղիկ» բժշկական կենտրոնի դիալիզ ստացող հիվանդների բողոքի ակցիան հասարակության թերիրազեկման նպատակ է հետապնդել։ Այսօր, օգոստոսի 31–ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այդ բողոքի ակցիան տեղի է ունեցել կառավարության որոշումն ընդունելուց մեկ շաբաթ հետո։  «Ոչ մի այլ նպատակ, բացի հասարակության թերիրազեկումից, ես չեմ կարող տեսնել», – ասել է նա։

Հարցին, թե փաստորեն դա «Աստղիկ» բժշկական կենտրոնի ինքնագործունեության արդյունքն է եղել, նախարարը պատասխանել է, որ «սկլոկաների» մեջ չի խորանում, եւ որպես առողջապահության նախարար  «մտահոգ է բնակչության առողջության համար», ոչ թե «թերիրազեկումների աղբյուրների մասին» տեղեկանալով։

Մեկնաբանելով լրագրողների գնահատականներն այն մասին, որ տեղի է ունեցել հիվանդների իրավունքների խախտում, Ալթունյանը նշել է. «Կարճ ժամկետում իրավունքները վերականգնվել են, մարդիկ ստացել են իրենց ծառայությունն անվճար»։

«Ես կարծում եմ, եւ հասարակությունը, եւ ադմինիստրացիան հիվանդանոցների մի քիչ ավելի շատ պետք է հետաքրքրվի օրենսդրական ինիցիատիվաներով, որոնք ցուցաբերում է այսօր նախարարությունը, որովհետեւ նախարարությունը գտնվում է առողջապահական ոլորտի բարեփոխումների շրջանում։ Գործողություններից իրազեկվելը դա ուղղակի իրավունք է եւ պարտականություն ցանկացած անձի, որը դա կարող է կատարել մեր կայքից», – ասել է Լեւոն Ալթունյանը։

Նախարարը հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ կատարվել է վերաբաշխում պետպատվերի եւ եւս 280 մլն դրամ ուղղվել է դիալիզի հիվանդներին օգնելու նպատակով։ Դա նախատեսում է մոտավորապես 11 հազար սեանս, դա պետք է օգնի 200 հիվանդի։

Հիշեցնենք, որ «Աստղիկ» ԲԿ–ի դիալիզ ստացող հիվանդները բողոքի ակցիաներ էին կազմակերպել, որովհետեւ հիվանդանոցում իրենց ասել էին, որ հեմոդիալիզի պետպատվերի գումարները սպառվել են, եւ նրանք սեպտեմբերից ստիպված կլինեն վճարել։ «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ բազմիցս տեղեկացրել է նախարարաությանը այդ խնդրի մասին, բայց ոչ մի պատասխան չի ստացել, իրենց ոչ մի լուծում չի առաջարկվել։