Նախընտրական շրջան լինի, ընտրական, թե հետընտրական, բոլոր բուժօգնություն ստացողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, եւ բոլորը բուժվելու կարիք ունեին։ Այս մասին օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե «Աստղիկ» բժշկական կենտրոնում պետպատվերը սպառվել է, քանի որ նախընտրական շրջանում բուժկենտրոնն անվճար սպասարկել է մեծ թվով հիվանդների, որոնց իրականում պետպատվեր չէր հասնում։

«Ի՞նչ տարբերություն, թե երբ է արվել»,- արձագանքեց նախարարը։

Դիտարկմանը, թե այդ մարդիկ սոցիալապես անապահով չեն եղել, բայց նրանց համար ծախսվել են պետական գումարները, նախարարը նշեց, որ «այդ առումով հիմա նախարարությունն աշխատանք է տանում, որպեսզի պետպատվերի բաշխումը դառնա թափանցիկ, հասկանալի ե՛ւ բնակչությանը, ե՛ւ լրատվամիջոցներին»։

Հարցին՝ ուսումնասիրո՞ւմ է նախարարությունը, թե ինչպես են գումարները ծախսվել «Աստղիկ» ԲԿ-ում, նա պատասխանեց. «Այսօր այդ հարցով զբաղվում է Վերահսկիչ պալատը, եւ նա կտա իր պատասխանը»։