Էբբի եւ Էրին Դելեյնիները կարող են տարբեր աթոռակների վրա կամ ծնողների ծնկներին նստել, քնել տարբեր մահճակալներում եւ գետնի վրա չորեքթաթ անել: Նրանց տարիքի երեխաների մեծ մասի համար սա սովորական զբաղմունք է, սակայն Էբբին եւ Էրինը նախկին սիամական երկվորյակներ են, որոնք գլուխներով սերտաճած էին եւ մինչեւ իրարից անջատելու վիրահատությունը այս ամենն անել չէին կարողանում:
Աղջիկները ծնվել են 2016 թվականի հուլիսի 24-ին՝ սահմանված ժամկետից 10 շաբաթ վաղ, կեսարյան հատման վիրահատությամբ: Երբ նրանք 10-ամսական դարձան, Children’s Hospital of Philadelphia-ի վիրաբույժները նրանց անջատելու բարդ, 11 ժամ տեւած վիրահատություն կատարեցին:
Անչափ բարդ է գլուխներով սերտաճած սիամական երկվորյակներին իրարից անջատելը. երբեմն երկվորյակները ողջ չեն մնում, երբեմն ողջ է մնում միայն մեկը, իսկ երբեմն երկրորդն էլ է ողջ մնում, սակայն լուրջ նյարդաբանական խնդիրներ է ունենում: Այս դեպքում, սակայն, բժիշկները կարողացել են աղջիկներին հաջողությամբ անջատել, եւ երկուսն էլ ողջ են մնացել:
Հիմա աղջիկները 16-ամսական են: Նրանք իրենց ամբողջ կյանքը հիվանդանոցում են անցկացրել: Ճիշտ է, վերջերս Էրինին դուրս են գրել, բայց Էբբին դեռեւս կմնա բժիշկների հսկողության ներքո:
«Նրանց իրարից անջատելուց գրեթե 5 ամիս է անցել, եւ մենք ուրախությամբ հայտնում ենք, որ Էրին եւ Էբբի Դելեյնիներն իրենց լավ են զգում եւ բարդագույն վիրահատությունից հետո շարունակում են վերականգնվել»,- ասել է նեյրովիրաբույժ Գրեգորի Հոյերը, ով վիրաբույժ Ջեսի Թեյլորի հետ ղեկավարել է վիրահատությունը, որի ընթացքին մասնակցել է ավելի քան 30 մարդ:
Աղջիկների ծնողները սիամական երկվորյակներ ունենալու մասին տեղեկացել են հղիության դեռեւս 11-րդ շաբաթում: Այդ ժամանակ հնարավոր չէր որոշել՝ արդյոք կհաջողվի ծնվելուց հետո երեխաներին անջատել, բաց արդեն այդ ժամանակ աղջիկների մայրիկը՝ Հեզեր Դելեյնին սկսել է բժշկական կենտրոն փնտրել, որտեղ իրեն եւ իր երեխաներին կկարողանային օգնել: Նա եկել է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոց: Երբ աղջիկները ծնվել են, բժիշկների համար ավելի հասկանալի է դարձել, թե ինչպես եւ ինչ պետք է անեն: Նրանք սկսել են մշակել նրանց իրարից անջատելու վիրահատության ծրագիրը: Մասնագետների խումբը երկար ժամանակ ուումնասիրել է երկվորյակների տվյալները եւ փորձել նրանց գլուխների 3D մոդելներ ստեղծել՝ նրանց անջատելու առավել անվտանգ եղանակը գտնելու համար:
Վիրահատությունից հետո աղջիկները մի քանի շաբաթ անցկացրել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որից հետո նրանց արդեն այլ բաժանմունքներ են տեղափոխել, իսկ հետո սկսվել է վերականգնողական փուլը: Հուլիսի 24-ին նրանք իրենց առաջին տարեդարձը հիվանդանոցում են նշել:
Մասնագետների խոսքով՝ ապագայում աղջիկները պլաստիկ եւ վերականգնողական վիրահատությունների կարիք կունենան, մինչ այդ ծնողները պատրաստվում են մեկ տարուց ավելի հիվանդանոցում անցկացնելուց հետո դուրս գրել նրանց եւ միասին տուն վերադառնալ:











