Իտալացի վիրաբույժներն առանձնացրել են 17 ամսական սիամական երկվորյակներին, որոնք սերտաճել էին որովայնի խոռոչի եւ կրծքի հատվածում: Վիրահատությունն իրականացվել է հոկտեմբերի 7-ին Վատիկանի «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցում: Վիրահատությունը տեւել է շուրջ 10 ժամ: Այն անցկացրել են վիրաբուժական 4 խմբեր՝ ընդհանուր առմամբ 40 մարդ՝ կլինիկայի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Ալեսանդրո Ինսերոյի գլխավորությամբ:
Երկվորյակները ծնվել էին 2016-ի մայիսին, եւ բժիշկները նրանց ապրելու հավանականությունը նվազագույնն էին գնահատում: Սակայն ծնողները որոշել են պայքարել դուստրերի համար եւ facebook-ում դրամահավաք են նախաձեռնել: Կես տարի անց ֆրանսիական «Հալյալ Վերիֆ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ նրանք փոքրիկներին Հռոմ են բերել:
17 ամսական աղջիկներին առանձնացնելու նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ մեկ տարի: Վիրահատության իմիտացիայի համար պատրաստվել է նրանց ներքին օրգանների ու արյունատար համակարգի ճշգրիտ 3D մոդել:
Առաջատար տեխնոլոգիաների կիրառումը եւ բժիշկների միջեւ պարտականությունների հստակ բաժանումը թույլ են տվել վիրահատության տեւողությունը կրճատել մոտ երկու անգամ:
Երկու ժամ է տեւել անասթեզիայի ընթացքը: Ապա բժիշկներն սկսել են երկվորյակների բաժանումը: Վիրահատական սեղանի շուրջ համաժամանակյա աշխատանք են կատարել բժիշկների 5 խումբ, որից հետո քույրիկներին տեղափոխել են առանձին վիրահատարաններ, որտեղ վերականգնել են նախկինում բացակայող օրգանները:
Վիրահատությունից հետո աղջիկները գտնվում էին ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում եւ հոկտեմբերի 24-ին վերադարձել են վիրահատական բաժանմունք:
«Բամբինո Ջեզու» կլինիկայի պատմության մեջ սա սիամական երկվորյակների բաժանման երկրորդ դեպքն է: Նմանօրինակ վերջին վիրահատությունը իրականացվել է ավելի քան 30 տարի առաջ, սակայն արդեն մոտակա շաբաթներում վիրաբույժները կիրականացնեն Բուրունդիից ժամանած քույրերի վիրահատությունը։







